կարևոր
367 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 20:26

Վերադարձնել հայ ռազմագերիներին առանց նախապայմանների․ Այսօր Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները: Ի դեպ, սա Արարատ Միրզոյանի առաջին օտարերկյա այցն է նախարարի պաշտոնում: Հանդիպման հենց սկզբում Հայաստանի արտգործնախարարը դժգոհել է, որ Բաքուն չի կատարում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները: Փոխարենը, ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքի նկատմամբ: Բացի այդ, Միրզոյանն ասել է, որ այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ որեւիցե բանակցություն չկա:

Չնայած դրան` Լավրովն ու Միրզոյանը նորից խոսել են տարածաշրջանի ապաշրջափակման մասին: Սերգեյ Լավրովն ասել է՝ գոհ է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունից, որը զբաղվում է Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:

Նորանշանակ արտգործնախարարի հիմնական ասելիքները թերեւս երկուսն էին: Նախ՝ այն, որ Երեւանը պատրաստ է խորացնել ռազմավարական հարաբերությունները Մոսկվայի հետ: Եվ երկրորդ՝ Ադրբեջանի սադրիչ քայլերն ուղիղ ոտնձգություն են Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ: 

Համատեղ ասուլիսին Ռուսաստանի արտգործնախարարը երկու անգամ, նախ իր ելույթում, ապա նաեւ հարցերից մեկին պատասխանելիս, խոսել է հայ գերիների ազատ արձակման մասին:

Սերգեյ Լավրովն ասել է՝ Ռուսաստանը տարբեր մակարդակներում Ադրբեջանի հետ շփումների ընթացքում կոչ է անում վերադարձնել հայ ռազմագերիներին առանց նախապայմանների:

Սակայն Ռուսաստանցի դիվանագետը նաեւ մեկ դիտարկում է արել՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, նրա գնահատմամբ, խոսք էր գնում այն ռազմագերիների մասին, որոնք գերեվարման մեջ էին այդ պահին:

Լավրովն իր ելույթում անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ ընդգծելով, որ այն դուրս է Արցախի խնդրի տարածքից:

Մանրամասները` Անահիտ Իվանյանի տեսանյութում։