10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում էր հանձնաժողովի փոխնախագահի թեկնածությունը: Համաձայն Դոնթի բանաձևի՝ այդ պաշտոնում ընդդիմությունն առաջադրել է իր թեկնածուին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին:
«Ողբերգական պատերազմը փոխեց ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների ամբողջ ընթացքը, և ես ակնկալում էի, որ նոյեմբերի 9-ին պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը կկանգներ ու կասեր. «Այսուհետ չեմ կարող պաշտոնավարել, որ ի զորու չեմ»,- Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարաեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Ղազինյանի խոսքով՝ պարտություն կրած, գրեթե կապիտուլացիոն ակտին հավասարազոր փաստաթուղթ ստորագրած ղեկավարը, եթե ունենում է ազգային մտածողություն և իր պետութան մասին մտածում է, ապա պետք է գիտակցեր և հասկանար, որ իր հետագա պաշտոնավարումը ոչ միայն չի բերելու իրավիճակի բարելավման, այլ իրավիճակն էլ ավելի է վատթարացնելու, ինչի ականատեսը եղավ ժողովուրդը հետպատերազմյան Հայաստանում:
Մինչ Արթուր Ղազինյանին հարց տալը՝ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Գեղամ Մանուկյանին հարց ուղղեց՝ «Եթե դուք լինեիք իմ փոխարեն, այդքանից հետո կընտրեի՞ք Արթուր Ղազինյանին»:
Գեղամ Մանուկյանը շեշտեց, որ Արթուր Ղազինյանի թեկնածությունը ստվերային համաձայնության կամ կոնսենսուսի խնդիր չէ, այլ օրենսդրությամբ ընդդիմությանը հատկացված տեղ:
Քննարկումների արդյունքում, այնուհանդերձ, իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը: Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ ընդդիմությունը 5 օր ժամանակ ունի նոր թեկնածու առաջադրելու:
Ավելի ուշ «Հայաստան» խմբակցությունը նորից առաջադրել է Արթուր Ղազիննյանի թեկնածությունը:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իշխանական պատգամավորներին ինձ դեմ քվեարկելու համար: Դուք իրականում ինձ շատ ավելի մոտիվացրեցիք շատ ավելի ինտենսիվ և հետևողական լինել հայրենիքին և ժողովրդին ծառայելու գործում», - ամփոփեց Արթուր Ղազինյանը:
Հանձնաժողովի կազմում ընդդիմությունից ընդգրկված են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը, Արթուր Ղազինյանը և «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը:
Հանձնաժողովի նախագահը ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է: Իշխող խմբակցությունից այստեղ ներկայացված են նաև Վահագն Ալեքսանյանը, Արմեն Խաչատրյանը, Վիլեն Գաբրիելյանը, Գուրգեն Մելքոնյանը, Հայկ Սարգսյանը և Քրիստինե Պողոսյանը: