Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցները նոր անձնագրեր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ չկան և պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար: Այս մասին ահազանգում են քաղաքացիները:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է, թե որն է քաղաքացիներին նոր անձնագրերի տրամադրումն ուշացնելու պատճառը:
«Նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով»:
Նշենք, որ ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքի համաձայն`անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում(փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: