կարևոր
832 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 10:13

Տարոն Մարգարյանն ու Թագուհի Թովմասյանը այցելել են Արմեն Չարչյանին

Տարոն Մարգարյանն ու Թագուհի Թովմասյանը այցելել են Արմեն Չարչյանին

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է, որ նախօրեին պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ այցելել են «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, ով կալանքի տակ է։ Չարչյանի ինքնազգացողությունը երեկ կրկին վատացել էր, նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց։

«Արմեն Չարչյանը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում չէր: Բժշկի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցում՝ բժշկի սենյակի մոտ, հսկողություն էին իրականացնում համազգեստով 3 երիտասարդներ, մյուսն էլ ներսում էր:

Բայց բժիշկն ընկճված չէր, միայն երկու թեմայով խիստ անհանգստություն հայտնեց. նախ մտահոգված էր մեր երկրի այսօրվա իրավիճակով, սպառնալիքներով ու մարտահրավերներով, և անհանգստություն ուներ իր հիվանդների համար. «...մարդիկ, որոնք իմ կարիքն ունեն, իրենց համար մտահոգ եմ...»,  - անկեղծացավ բժիշկը:

Եվ սա ասում էր մարդ, ում սուր նախաինֆարկտային վիճակով տեղափոխել են հիվանդանոց, և 5 օր է՝ բժիշկները չեն կարողանում կայունացնել վիճակը:

Լիահույս եմ, որ պրոֆեսորը շատ շուտ կկարողանա ապաքինվել և չնայած իր համար ստեղծվող բոլոր արհեստական խոչընդոտներին՝ հասնել իր հիվանդներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը՝ Չարչյանի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ։

Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել է քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։