կարևոր
1609 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-30 22:24

Քաբուլի միջազգային օդանավակայանի ուղղությամբ «Իսլամական պետության» զինյալները 6 հրթիռ են արձակել

Քաբուլի միջազգային օդանավակայանի ուղղությամբ «Իսլամական պետության» զինյալները 6 հրթիռ են արձակել

Քաբուլի միջազգային օդանավակայանի ուղղությամբ «Իսլամական պետության» զինյալները 6 հրթիռ են արձակել:

Պենտագոնից են տեղեկություն տարածել, որ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել բոլոր հրթիռները՝ նախքան դրանք կհասնեին թիրախներին:

Իսկ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնում է, որ Քաբուլի օդանավակայանում տարհանման աշխատանքը շարունակվում է: Այն, ըստ թալիբների հետ ձեռք բերված համաձայնության, պետք է ավարտին հասցվի օգոստոսի 31-ին:

Հատկանշական է, որ նախօրեին էլ Միացյալ Նահանգներն օդային գրոհ էր իրականացրել Քաբուլում՝ պնդելով, որ այդ կերպ կանխել է եւս մեկ հարձակում օդանավակայանի վրա:

Պենտագոնից հայտնել են, որ անօդչու թռչող սարքով թիրախավորել են մի մեքենա, որում եղել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման աֆղանական թևի առնվազն մեկ մահապարտ ահաբեկիչ: Աֆղանական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ գրոհի հետեւանքով կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում:

Պենտագոնից արձագանքել են, թե ստուգում են այս լուրի իսկությունը, բայց խորապես կտխրեն, եթե այն հաստատվի:

Իսկ գրոհից առաջ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր Քաբուլի օդանավակայանի վրա հնարավոր նոր հարձակումների մասին:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ այդ օդանավակայանում «Իսլամական պետության» աֆղանական թևի զինյալների իրականացրած հարձակման հետեւանքով 170 մարդ է զոհվել, որից 13-ը ամերիկացի զինծառայող: