Մի քանի օր է Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Էրդողանը խոսում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկաների մասին: Հրապարակային ուղերձներով փոխանակվելը սկսվեց Թուրքիայի նախագահից: Օտարերկրյա դեսպանների հետ ընթրիքին խաղաղասերի դիմակով Էրդողանը հայտարարեց, թե իբր Թուրքիան համարժեք կարձագանքի, եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
Արցախի դեմ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հետ ռազմական գործողություններին հավասարապես մասնակցած, ամբողջ տարածաշրջանում անկայունություն ու քաոս սերմանող Թուրքիայի նախագահի այս ելույթից ընդամենը 2 օր հետո՝ Կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից, ինչին Հայաստանն էլ դրական ազդակով կպատասխանի: Թե կոնկրետ ինչ դրական ազդակի մասին էր խոսքը, Փաշինյանը չմանրամասնեց:
Փաշինյանւ այս հայտարարությանը Էրդողանի արձագանքը չուշացավ: Բոսնիա եւ Հերցեգովինայից վերադառանալիս, օդանավում Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ասել է, թե իբր պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը ու ենթատեքստով թվարկել է դրա իրագործման համար Անկարայի նախապայմանները:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ նման դիրքորոշում ունի նաեւ Ադրբեջանը, որի նախագահի աչքը հայկական պատմական հողերի վրա է, եւ որի զինված ուժերը 3 ամսից ավել է ներխուժել են Հայաստան Հանրապետության ինքնիշխան տարածք:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գնահատմամբ՝ սրանով Էրդողանը պահանջում է Հայաստանից ճանաչել Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, դադարել մեղադրել Թուրքիային՝ Հայոց ցեղասպանության համար, կնքելով խաղաղության պայմանագիր, լիարժեք հրաժարվել Արցախից եւ բացել Սյունիքով «Թուրքական միջանցքը»:
Գեղամյանը եզրափակում է՝ եթե առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում լինի որեւէ էական զարգացում, ապա կնշանակի, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը համաձայնել է վերոնշյալ նախապայմաններին:
Մանրամասները՝ Մարին Մելիքսեթյանի տեսանյութում։