Նոր ուսումնական տարում՝ նոր գրատախտակներ․ Վայոց ձորի սահմանապահ Արենի եւ Խաչիկ գյուղերի դպրոցների հին գրատախտակները փոխարինվել են նորերով։ Նվիրատվությունն իրականացրել են Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միությունը։
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը նշել է, որ ուսումնական հաստատությունների ընտրությունը պատահական սկզբունքով չի եղել, նվիրատվությունն արվել է այդ դպրոցներին՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Կիմ Խաչատրյանի․ Կիմը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ջոկատի հրամանատարն էր:
«Նշված դպրոցների բոլոր դասասենյակների հին գրատախտակները փոխարինվել են նորերով։ Ի սկզբանե պլանավորված էր, որ նվիրատվություններն արվելու են սահմանամերձ գյուղերի դպրոցներին․ ընտրեցինք Վայոց ձորի սահմանապահ Արենի եւ Խաչիկ գյուղերը՝ ի հիշատակ մեր ընկեր, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Կիմ Խաչատրյանի։ Կիմը ուսում էր ստացել Արենիի միջնակարգ դպրոցում։ Նվիրատվություններից հետո այցելեցինք Կիմի, ապա՝ Գարեգին Նժդեհի շիրիմներին»,- ասել է Տարոն Ղազարյանը՝ նշելով, որ ծրագիրը շարունակական է լինելու, սահմանապահ գյուղերը ուշադրության կենտրոնում են լինելու, Արցախից տարհանված ընտանիքները՝ առավելապես։
«Աջակցություն ենք ցուցաբերելու նաեւ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, փորձելու ենք ինչ-որ չափով նրանց սոցիալական բեռը թեթեւացնել, դպրոցականների, կրթօջախների պայմանները բարելավել»,- հավելել է նա։
ՀՅԴ երիտասարդները ծաղիկներ են խոնարհել կյանքը հայրենիքին նվիրած Կիմ Խաչատրյանի շիրմին: Նա Արցախ էր մեկնել դաշնակցական կամավորական վաշտերից մեկի կազմում, զոհվել էր հոկտեմբերի 31-ին՝ առաջնագծում մղած մարտերի ընթացքում։