կարևոր
610 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-30 20:14

Լրագրողական համայնքն ԱԺ-ում սահմանափակումներն ու լրագրողների նկատմամբ բռնություններն աննախադեպ է համարում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լրատվամիջոցների ղեկավարներն ու խմբագիրները սահմանափակումներին ու խտրությանը բախվել են դեռ խորհրդարան չմտած՝ անցակետում, երբ շտապում էին մասնակցելու լրագրողական աշխատանքի սահմանափակումների մասին քննարկմանը: 

Ընդդիադիր պատգամավորն էլ ահազանգում է՝ խոսակցություններ կան, որ նույնիսկ պատգամավորներին են արգելելու հեռախոս տանել նիստերի դահլիճ, քանի որ վերջին ծեծկռտուքների ժամանակ, երբ լրագրողների աշխատանքը խոչընդոտված էր, պատգամավորներն էին ներսից տեսանկարահանում կատարվողը: 

Մամուլը երբեք այսքան անազատ չի եղել. պնդում են խմբագիրներն ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները: Լրագրողների գործունեության սահմանափակումներն ու նրանց նկատմամբ բռնություններն աննախադեպ է համարում Դանիել Իոաննիսյանը: Իրազեկ քաղաքացիների միավորումը բռնության դրվագներով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:  

Սահմանափակումների դեմ հստակ գրավոր առաջարկներով էր եկել Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի նախագահը: Շուշան Դոյդոյանն ԱԺ ղեկավարությանն առաջարկում է թույլատրել հավատարմագրված լրագրողներին իրենց աշխատանքը կազմակերպել խորհրդարանի ամբողջ տարածքում եւ աշխատանքային բոլոր օրերին ու կանխել նրանց նկատմամբ բռնության դրսեւորումները: Փոխարենը հավատարմագրել խորհրդարանական աշխատանքի լուսաբանման առնվազն երկու տարվա փորձ ունեցող լրագրողներին: Նրանք էլ պետք է ներկայացնեն միայն այն լրատվամիջոցները, որոնք ընդունել են մասնագիտական վարքականոնը: 

Ազգային ժողովի նախագահը, սակայն, առաջարկները չկարողացավ լսել. նույն ժամին պատգամավորների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել անհետ կորածների հարազատների հետ: Սա պատահականություն չհամարեց լրագրողական համյանքի հետ քննարկում նախաձեռնած Թագուհի Թովմասյանը: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։