կարևոր
1114 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-30 18:58

Գեղամ Նազարյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Գեղամ Նազարյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հրավիրվել է ՀՔԾ՝ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցածի գործով բացատրություն տալու։ Այս մասին հայտնել է Նազարյանը՝ նշելով, որ իր նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Այսօր ՀՔԾ-ում են եղել նաև Հայաստան խմբակցության մի քանի պատգամավոր՝ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը: Դատախազության կողմից ուղարկված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քննում է Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած դեպքերը: Դատախազությունից հայտնել են, որ տեսագրություններն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի նիստին քպական պատգամավորները հարձակվել էին ընդդիմադիր պատգամավորների վրա ու նպատակային հարվածներ հասցրել։ Գեղամ Նազարյանը վնասվածք էր ստացել աչքի շրջանում, տեղափոխվել բժշկական կենտրոն։

«Ակնհայտ էր, որ այս ամենի կազմակերպիչը նրանց պարագլուխն է, որը, թիկնապահների զորքով շրջապատված, հանգիստ հետեւում էր ամոթալի գործողություններին»,- նշում է Նազարյանը։

Նույն միջադեպի ժամանակ քպական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածել էր ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանին, մի քանի այլ քպականներ ևս հատուկ ուղղվածությամբ հարձակումներ էին գործել ընդդիմադիր պատգամավորների վրա: Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնում է, որ այս անձանց՝ թվարկված հանցավոր գործողություններն ապացուցող նյութերն ուղարկել են դատախազություն և ՀՔԾ: 

Հարկ է նշել, որ միջադեպի ամբողջ ընթացքում դահլիճից չի հեռացվել Նիկոլ Փաշինյանը: Նա տեղի ունցածին հետեւում էր անդրդվելի տեսքով՝ թիկնապահներով շրջապատված, տեղում նստած եւ ժպիտով։ Ընդդիմադիր պատգամավորներն ասում էին, որ հատկապես երկրորդ միջադեպը տեղի է ունեցել նրա անմիջական հրահանգավորմամբ։