կարևոր
475 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-30 18:33

ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է ԱՄՆ-ի և Չինաստանի դեսպաններին

ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է ԱՄՆ-ի և Չինաստանի դեսպաններին

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի:

ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին: Արշակ Կարապետյանը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ շեշտելով Հայաստանի սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը և նրա օգնականը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը դեսպան Ֆան Յունին տեղեկացրել է տարածաշրջանային իրադրության մասին և ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները:

Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում: Քննարկվել է նաև պաշտպանական բնագավառում երկկողմ  համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը: