2022-ի մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի: Այս մասին 2020 թվականի սեպտեմբերի 19-ին հայտնել էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և հրապարակել նախապատրաստվող աշխատանքների լուսանկարները:
Այսօր արդեն այս շենքը քանդված է. Շուշիում կառուցվելիք խորհրդարանի փոխարեն ադրբեջանցիները 5 աստղանի հյուրանոց են կառուցում: Այս մասին օկուպացված Շուշիում հայտարարել է Ալիևը:
«Ես ինքս ընտրեցի նոր հինգաստղանի հյուրանոցի կառուցման վայրը հենց այն վայրում, որտեղ ատելի թշնամին կառուցում էր այսպես կոչված ԼՂՀ խոհրդարանի շենքը: Սա արվել է մեզ ծաղրելու համար: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացությունը գոյություն չունի: Այս շենքի հիմքերն արդեն դրված էին, և նույնիսկ քարի աշխատանքներն ավարտված էին: Իմ հանձնարարությամբ, այս սատանայի որջը Շուշայում ոչնչացվեց», - ասել է Իլհամ Ալիևը:
Իսկ մեկ տարի առաջ ԱՀ նախագահն ասել էր. «Կարծում եմ՝ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ մեր պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն»: