կարևոր
1411 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-30 14:44

Ընտրվեցին ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղակալները

Ընտրվեցին ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղակալները

Օգոստոսի 30-ին տեղի են ունեցել Ազգային ժողովի Աառողջապահության հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը, որոնց ընթացքում ընտրվել են հանձնաժողովների նախագահների տեղակալները։ Նրանց առաջադրումը կատարվել է` ելնելով ՀՀ ԱԺ հանձնաժողովների ձեւավորման սկզբունքից` Դոնթի բանաձեւից:

Այսպես․

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Լուսինե Բադալյանը։ Հանձնաժողովի նախագահն է նույն խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված 6 պատգամավորից միայն մեկն է ներկայացնում խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը՝ Արմեն Չարչյանը։ Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը ապօրինի կալանավորված է: 

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: Հանձնաժողովի նախագահն է Վահե Ղալումյանը՝  ՔՊ խմբակցության պատգամավոր։

«Հայաստան» խմբակցությունն այս հանձնաժողովում ունի 3 ներկայացուցիչ՝ Արմենուհի Կյուրեղյան,Արթուր Սարգսյան, Աշոտ Սիմոնյան։

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված է 8 պատգամավոր, 2-ը «Հայաստան» խմբակցությունից՝ Արեգնազ Մանուկյանը և Զեմֆիրա Միրզոյանը։ Հանձնաժողովի նախագահն է ընդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագահի տեղակալի պաշտոնում հաստատվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը։

Հանձնաժողովի նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն է, հանձնաժողովի կազմում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը։ 

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, Արմեն Գեւորգյանի նախագահությամբ, օգոստոսի 30-ին հրավիրած արտահերթ նիստում  նախագահի տեղակալի պաշտոնում հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի թեկնաշությունը: 

Հանձնաժաղովի կազմում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Վաղը տեղի են ունենալու ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանփնաժողովների առաջին նիստերը: