Խորհրդարանական լրագրողների նկատմամբ կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ, ինչպես նաև բռնություններ և որևէ կերպ չպետք է համակերպվենք այս փաստի հետ։ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման հարցով քննարկման ժամանակ ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։
Վերջինս նշեց, որ ԱԺ նիստի ուղիղ եթերի անջատման դեպքը նույնպես աննախադեպ էր, երբ հայեցողական, պահի ազդեցությամբ ԱԺ նախագահը որոշում է անջատել ուղիղ հեռարձակումը։
«Այսինքն բացարձակ սուբյեկտիվ և կամայական որոշման արդյունքում հասարակությունը զրկվում է ուղիղ, անմիջապես տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Խոսում են անվտանգության խնդրի մասին՝ բացարձակապես չհիմնավորելով անվտանգության խնդրի առնչությունը լրագրողների աշխատանքին։ Այս պարագայում պետք է պահանջենք հստակ հիմնավորվածություն, թե ինչու է լրագրողի աշխատանքն օթյակում սպառնալիք իրենց աշխատանքին»,-նշեց Շուշան Դոյդոյանը։
Նա առաջարկեց ԱԺ ղեկավարությանը մի քանի պահանջ ներկայացնել. Նախ՝ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողին թույլատրել իր մասնագիտական գործունեությունն ազատորեն իրականացնել Ազգային ժողովի ամբողջ տարածքում, այդ թվում նաև ԱԺ մասնաշենքերում աշխատանքային բոլոր օրերին, նաև օթյակում՝ ինչպես ԱԺ լիագումար նիստի, այնպես էլ ընդմիջման ընթացքում։ Որպես հիմնավորում Դոյդոյանը նշեց, որ լրագրողների մասնագիտական գործունեության արդյունավետության տեսանկյունից կարևորվում է լրագրողների ազատ տեղաշարժը ԱԺ ամբողջ տարածքում, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով ապահովել մարդու սահմանադրական իրավունքը` ազատորեն, անկախ պետական սահմաններից` փնտրելու, ստանալու և տարածելու տեղեկություններ ու գաղափարներ:
Առաջարկների մեջ Շուշան Դոյդոյանը ներկայացրեց նաև խորհրդարանում հավատարմագրված լրագրողների և օպերատորների նկատմամբ կիրառվող բռնությունները, ճնշումները անհապաղ դադարեցնելու և կանխելու պահանջը: «Անվտանգության ծառայության աշխատակիցներից պահանջում ենք չգերազանցել իրենց լիազորությունները. խորհրդարանում աշխատող լրագրողների ու օպերատորների նկատմամբ չկիրառել անհիմն սահմանափակումներ, չներկայացնել անօրինական պահանջներ և չխոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը»,-ընդգծեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը:
Շուշան Դոյդոյանն առաջարկեց նաև լրատվամիջոցներին հավատարիմ մնալ լրագրողական էթիկային, վարքականոնին. «Ամեն լրատվամիջոց մեկ կամ կես էջի սահմանում շարադրի այն հիմնական բարոյական սկզբունքները, որով իր լրագրողները, խմբագրակազմն առաջնորդվում են։ Սա մի բան է, որ վաղուց պետք է արած լինեինք և ոչ թե հիմա քննարկեինք՝ պետք է էթիկայի վարքականոն ունենալ, թե՝ ոչ։ Մյուս խնդրանքն է, որ մասնագիտական ստաժի որոշակի սահմանափակում դրվի։ Կուզեի՝ սա ամրագրվեր, որ այստեղ գտնվում են բացառապես այն լրագրողները, որոնք բարձր մասնագիտական հմտություններ ունեն և լրագրողական էթիկայի կանոններին համապատասխան են գործում»,-ասաց Շուշան Դոյդոյանը:
Դոյդոյանն արձանագրեց՝ լրագրողները պետք է ԱԺ ամբողջ տարածքում կարողանան ազատ աշխատել, իրենց պահանջներում պետք է անհողդողդ լինեն: «Լրագրողներն ԱԺ-ի ողջ տարածքում են կատարել իրենց աշխատանքներն ու այս պայմանները պետք է շարունակվեն»։