կարևոր
784 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-30 14:08

Դեմ եմ ցանկացած կոմպրոմիսին, պետք է անհապաղ վերացվեն բոլոր այս սահմանափակումները. Սաթիկ Սեյրանյան

Դեմ եմ ցանկացած կոմպրոմիսին, պետք է անհապաղ վերացվեն բոլոր այս սահմանափակումները. Սաթիկ Սեյրանյան

ԱԺ-ում  խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ այսօրվա քննարկմանը մասնակցում էին ՀԿ ներկայացուցիչներն ու մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ:

Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն անդրադառնալով լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումներին, նկատեց՝ հաստատված բռնապետական կարգերին ականատես է եղել հենց ԱԺ ընդունարանում, որտեղ տեսել է, որ քննարկման մասնակիցների անունների կողքին նշված է եղել, թե ով կարող է բջջային հեռախոսով մտնել ԱԺ, ով՝ ոչ, ինչը վերաբերում էր նաև մեդիա կազմակերպություններից մեկի ղեկավարին:

«Սա ինձ համար արդեն տարօրինակ է, ի՞նչ է նշանակում՝ հեռախոսով սրան կարելի է մտնել ԱԺ, նրան՝ ոչ: Նախ զարմանում եմ, որ մենք բոլորս զարմանում ենք, իսկ ինչի վրա ենք զարմանում, այս տենդենցը նո՞ր է: Դեռևս երեք տարի առաջ լրատվամիջոցի ղեկավարներ, մեդիա կազմակերպություններ բազմիցս հայտարարություններ են արել, չէ՞, բազմիցս, բազմաթիվ առիթներով՝ սկսած նրանից, որ սոցիալական հարթակները մի օգտագործեք պաշտոնական հաղորդագրության համար: Սա հաշվի՞ է առնվել, իհարկե ոչ: Զարմանո՞ւմ եք, որ թիրախավորվում են լրատվամիջոցներն ու լրագրողներ՝ մի զարմացեք, ի սկզբանե այդպես է եղել և հիմա շարունակվում է: Ցավոք, պետք է նշեմ, որ այստեղ նստած մեր գործընկերներից որոշները դրան նաև մասնակից են եղել»,- շեշտեց Սաթիկ Սեյրանյանը:

Սաթիկ Սեյրանյանի խոսքով ավելի վատ սահմանափակումներ են գալու։

«Պարզ չէ՞, որ այս իշխանությունը, մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է մեդիայի դերը։ Մեր գործընկերներից շատերն այսօր լրատվամիջոցներին հսկայական ֆինանսական կորուստների առջև են կանգնացրել, լրջագույն վնասներ հասցրել։ Գաղտնի ինչ-որ որոշումներ են կայացրել։ Հիմա զարմանում ենք, որ Ալեն Սիմոնյանը թաքուն ինչ-որ բան է որոշել, բա ի՞նչ պետք է լիներ»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը՝ հավելելով, որ անհապաղ պետք է վերացվեն բոլոր սահմանափակումները։

Սաթիկ Սեյրանյանի խոսքով պետք է սահմանափակումները վերացվեն, հակառակ պարագայում լինելու են համեմատություններ Նաիրի Հունանյանի և ուրիշների հետ, անվտանգության հարցեր են բարձրացնելու. «Սա վիրավորանք է և նվաստացուցիչ վերաբերմունք լրագրողի և մեր մասնագիտության նկատմամբ»։

Նշենք, որ ԱԺ-ում մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ քննարկվում է հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման հարցը։ Թագուհի Թովմասյանը նշեց, որ իրականացվել են լրագրողներին առնչվող փոփոխություններ, որոնք չեն ճշտվել լրագրողական հանրույթի ներկայացուցիչների կողմից։