Վերաքննիչ դատարանը չեղարկեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ելքի արգելքը։ Դատավորը հայտարարեց, որ օգոստոսի 30-ին նիստի ժամանակ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը Վերաքննիչ դատարանին խնդրել է չեղարկել ելքի արգելքը եւ այդ մասին տեղեկացնել ոստիկանությանն ու ԱԱԾ-ին։ Պաշտպանության կողմը միացել է խնդրանքին։
Դիմումում նշվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքը շարունակաբար սահմանափակված է մնում, քանի որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Դատախազներ Գեւորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը համաձայնեցին, որ առաջին ատյանի դատարանի որոշմանը համապատասխան սահմանափակումները պետք է չեղարկվեն։ Լսելով կողմերին՝ դատավոր Հովակիմյանը որոշեց բավարարել բողոքը, այդ մասին դատական նիստից հետո դատարանը կտեղեկացնի համապատասխան մարմիններին:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հայտարարեց, որ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն արդարացված են։ Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին։