կարևոր
1756 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-30 12:30

Վերաքննիչ քրեական դատարանը քննում է դատախազության բողոքն ընդդեմ Քոչարյանի գործի կարճման. ՈՒՂԻՂ

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, շարունակում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումները։

Նախորդ դատական նիստին դատարանը լսել է պաշտպանական կողմի դիրքորոշումը դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդության վերաբերյալ։ Պաշտպանները պնդել են, որ գործը կասեցնելու և ՍԴ դիմելու հիմքեր չկան, և խնդրել, որ միջնորդությունը մերժվի։ Դատարանը խորհրդակացական սենյակում որոշել է հետաձգել միջնորդության լուծումը. դրան կանդրադառնա դատական ակտի վերջնական քննության ժամանակ:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Դատախազությունը բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ ՎԵրաքննիչ բողոք են ներկայացրել նաև երկու տուժողի ներկայացուցիչները։