կարևոր
1912 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-30 12:11

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր հոդվածը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր հոդվածը

Օգոստոսի 30-ից ուժի մեջ է մտնում Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2021 թվականի հուլիսի 30-ին: Համաձայն լրացման՝ Օրենսգրքում նոր հոդված է ավելացվել՝ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող 137.1 հոդվածը. 

1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝

1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`

պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։»:

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի համոզմամբ, այն ամբողջությամբ հակասահմանադրական է և չի բխում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Այս փոփոխության առաջին հասցեատերը հենց լրատվամիջոցներն են լինելու, ու մեղմ ասած տարակուսելի է, թե ինչպես կարող է լրատվամիջոցին սպառնալ ազատազրկում ազատ արտահայտվելու որևէ դրսևորման համար։

Այս փոփոխությունը հակասում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքին ու ՄԻԵԿ-ին:

Ըստ այդմ ոչ միայն արգելվում է քրեականացումը, այլ նաև արգելվում է պետական իշխանության ներկայացուցիչներին հատուկ պաշտպանությամբ օժտելը՝ հիմնավորմամբ, որ հանրային գործառույթներ իրականացնող պաշտոնյաները ընդհակառակը, պիտի ավելի նվազ պաշտպանված լինեն զրպարտության և վիրավորանքի գործերում, ի տարբերություն հասարակ քաղաքացու։

Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ը թվականին, այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։ Այն ըստ էության կրկին քրեականցվեց Գլխավոր դատախազության առաջարկությամբ:

Վաղվանից կապիտուլյանտները անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն»,-գրել է նա: