կարևոր
1687 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-30 10:31

Մենք կոչում ունենք նրանց կիսատ գործը Հաղթանակով հավերժացնելու. Բագրատ Սրբազան

Մենք կոչում ունենք նրանց կիսատ գործը Հաղթանակով հավերժացնելու. Բագրատ Սրբազան

Օգոստոսի 29-ին Տավուշի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Հանուն իմ կյանքի հուշամատյանի» շնորհանդեսը տավուշցի հերոս տղերքի ընտանիքի անդամների ներկայությամբ։

«Հանուն իմ կյանքի հուշամատյանը» Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանինն է, հրատարակիչը «Արմավ» հրատարակչությունն է։

«Հանուն իմ կյանքի» հուշամատյանի շնորհանդեսը` նվիրված Տավուշի նահատակ զավակներին։

Բագրատ սրբազանի խոսքերով, հուշամատյանը պատմում է տավուշեցի մեր հերոսների մասին, ովքեր նայեցին մահվան աչքերին եւ հաղթեցին նրան՝ իրենց կյանքն ընծայելով Հայրենիքի սուրբ զոհասեղանին՝ իմ եւ բոլորիս համար, մեր հավատքի, արժանապատվության եւ այս արեւի ներքո վեհորեն ապրելու տեսիլքով․

«Հանուն իմ կյանքի» այս հուշամատյանը պատմում է տավուշեցի մեր հերոսների մասին, ովքեր նայեցին մահվան աչքերին և հաղթեցին նրան՝ իրենց կյանքն ընծայելով Հայրենիքի սուրբ զոհասեղանին՝ իմ և բոլորիս համար, մեր հավատքի, արժանապատվության և այս արևի ներքո վեհորեն ապրելու տեսիլքով:

Մենք այսօր իրավունք չունենք հերոսացումը ողբերգության վերածելու, վիշտը՝ կորստի, ցավը՝ ինքնասպանության:

Մենք կոչում ունենք նույնանալու նրանց հետ և արժանի դառնալու նրանց սրբացած արյանը և կյանքին՝ պատասխանատվություն կրելով նրանց կիսատ գործը Հաղթանակով հավերժացնելու:

Հաղթանակի տեսիլքով եք մեկնել և մեզ Հաղթանակի կտակը թողել: Այսօր դուք Քրիստոսի Հարության հաղթանակի կրողներն եք՝ Անմահները, հաղթել եք մահվանը և գտնվում եք ապագայում, որին մենք պիտի դեռ շատ ձգտենք հասնելու համար: Դուք անցյալում չեք, դուք ապագայում եք, և երանի արժանի լինենք ձեզ:

Մեր հերոսների սիրելի ընտանիքներ՝ ի՛մ ընտանիքներ, մե՛ր ընտանիքներ, Ձեր հեղած արցունքի յուրաքանչյուր կաթիլն արյան գին ունի: Իմ խոնարհումը ձեզ և մեր հերոսներին, ովքեր իրենց ընտանիքները առաջնային չհամարեցին, այլ ձեզանից ու իրենցից վեր դասեցին մեր Հայրենիքը, Պետությունը, հավատքը, արժանապատվությունը, մեր գոյության իրավունքը և մարտնչեցին ու մարտիրոսացան՝ հայացքը դեպի հավերժական ու ամբողջական Հայաստանը՝ Արցախ աշխարհով։

Թող այս Հուշամատյանը ուխտագիր դառնա մեզ համար՝ արժանի և հավատարիմ ազգ Աստծուն, ձեր կտակին և մեր երազների իրականացման ճանապարհին:

Հավերժ խոնարհում ձեզ, մեր մեծ անմահներ…»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդ՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։