կարևոր
2701 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-30 10:46

Մոսկվայում կկայանա Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առաջին հանդիպումը

Մոսկվայում կկայանա Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առաջին հանդիպումը

Օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Սա Միրզոյանի առաջին արտասահմանյան այցն է այդ պաշտոնում նշանակվելուց հետո։ Նախատեսվում է, որ նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը:

Կքննարկվեն Արցախի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: