կարևոր
1549 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-29 20:49

Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում. Տիգրան Աբրահամյան

Իմ տպավորության Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

«Ես չգիտեմ, թե իր ներկայիս դերի մեջ սեփական, թե այլ անձանց խորհրդով է մտել, բայց ակնհայտ է, որ բանակի մարտունակության կամ հեղինակության վերականգնումը չպետք է սկսել նախարարի ուռճացված կերպարի ստեղծմամբ։ Դա գործին որևէ ձևով չի օգնում։

Ու սա այն դեպքում, որ ներկայիս նախարարը պատերազմից առաջ, դրա ընթացքում վարչապետի ռազմական հարցերով խորհրդականն էր, մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժման ժամանակ ԳՇ պետի առաջին տեղակալը, իսկ Գորիս-Կապան ճանապարհահատվածին ստեղծված ճգնաժամի ժամանակ գործող նախարարը։

Էլ չեմ խոսում այն մասին, որ ՊՆ-ն նույն օրվա լրահոսով հաղորդում է Սոթքում ինտենսիվ փոխհրաձգության, Արցախի Թաղավարդում հայ զինծառայողի վիրավորման մասին, իսկ պաշտպանության նախարարը «ուժեղ տղա» ոճի մեջ տեսանյութեր է տեղադրում՝ տարբեր զինատեսակներից կրակահերթեր արձակում։

Ես որպես կանոն բովանդակային եմ արձագանքում իմ ոլորտային խնդիրներին, սակայն պաշտպանության նախարարի վարքագիծը ցավոք ստիպում է վերջինիս հիշեցնել, որ «մկաններ պետք է ցուցադրել» սահմանագծին թշնամուն զսպելուց և անհրաժեշտ հարվածներ հասցնելուց, բանակի մարտունակության վերականգնմամբ, անհրաժեշտ պաշտպանական համակարգի ստեղծմամբ։

Բոլոր մյուս դեպքերում դրսևորվող վարքագիծն անընկալելի է և ոչ մի տեղ չտանող»։