Գորիս-Կապան մայրուղու շուրջ բանակցություններն այսօր էլ շարունակվել են։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Բարձրավանի վարչակազմի ղեկավար Օնիկ Ավագյանը։ Ըստ տեղեկությունների, այսօր ևս ճանապարհը բացելու շուրջ համաձայնության գալ չի հաջողվում։
«Մնում է օդից կախված վիճակում, թե ինչ կլինի, չգիտենք։ Ոչ մի ձև համաձայնության չեն գալիս»,- ասել է վարչական ղեկավարը։
Ըստ Ավագյանի, նույն խնդիրները, ինչ կան շրջափակված Շուռնուխում, կան նաև Բարձրավանում։ Դրանք են սննդի, առաջին օգնության հասցնելու հարցերը։ Այն այլընտրանքային ճանապարհները, որ պետք է օգտագործեն մայրուղու փոխարեն, եղանակային վատ պայմանների պատճառով կարող են անհասանելի դառնալ։
«Այս պահի դրությամբ ամենագլխավոր խնդիրը հացի խնդիրն է, առաջին անհրաժեշտության սննդի խնդիրը։ Այսօր Գորիսի ԱԻՆ-ի տղաները հաց են հասցրել այլընտրանքային ճանապարհով։ Հիմա համատեղ ցանկանում ենք սննդի հարցը լուծել, երևի երեկոյան սնունդն էլ կգա տեղ կհասնի»։
Ավագյանը հայտնել է, որ բնակիչների հետ մշտական հանդիպումներ է ունենում։ Այսօր անձամբ բոլորի հետ հանդիպել է, ընտանիքների կարիքների գնահատում իրականացրել, հետաքրքրվել, թե առաջին անհրաժեշտության ինչ իրեր են պետք, իր մոտ ֆիքսել ու փորձում է խնդիրներին լուծում տալ։ Բնակիչների հիմնական հարցերը վերաբերում էին նաև ճանապարհների վերաբացմանը։
«Բարձրաձայնում էին, թե ինչքա՞ն ժամանակ սա կտևի, ե՞րբ կբացվի։ Ժողովրդին մտահոգող հիմնական հարցը դա է։ Սննդի հարցերը հնարավորինս՝ համայնքապետարանի, մարզպետարանի միջոցով լուծվելու են։ Հիմնականում իրենց հուզում է, թե քանի՞ օր կտևի ճանապարհների բացումը, եթե չի բացվելու, այլընտրանքային ճանապարհները գոնե ե՞րբ կսարքեն»։
Ավագյանը նշել է, որ ադրբեջանական կողմի պահվածքը դիտարկելով, հույս չունի, թե գլխավոր մայրուղին մոտ ապագայում գործելու է։
«Ադրբեջանցիներին դժվար է հասկանալը։ Մենք գործ ունենք անկանխատեսելի ադրբեջանցիների հետ։ Սպասում էի, որ օրերից մի օր սենց բան պետք է լինի։ Հիմա որ ասեմ հույս ունեմ, կամ ոչ, հետագան ցույց կտա, բայց ամեն դեպքում սպասելի էր դա»։
Այլընտրանքային ճանապարհների կառուցման մասին վաղուց է բարձրաձայնել, երբ նախագահ Արմեն Սարգսյանը Շուռնուխում էր։ Պնդել է ամիսներ առաջ՝ այլընտրանքային ճանապարհը անհրաժեշտ է լինելու։
«Ասել էի, որ եթե փակվի ճանապարհը, մեզ նոր ճանապարհ է անհրաժեշտ, այլ ճանապարհ չունենք։ Մենք խնդիրների մասին բարձրաձայնում ենք, ասում են՝ մոտ ապագայում հարցը կլուծվի»,- եզրափակել է վարչական ղեկավարը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26-ին թշնամու զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները, 3 օր է բանակցություններն արդյունք չեն տալիս։