կարևոր
1306 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-27 11:34

Պատասխանը տվել եմ բոլոր պաշտպանության նախարարների անունից և անձամբ իմ անունից. Սեյրան Օհանյան

Պատասխանը տվել եմ բոլոր պաշտպանության նախարարների անունից և անձամբ իմ անունից. Սեյրան Օհանյան

Ես այդ պատասխանը տվել եմ բոլոր պաշտպանության նախարարների անունից և անձամբ իմ անունից: Այս մասին, ինչպես գրում է tert.am-ը, Հանրային հեռուստատեսության «Հարցազրույցի» տաղավարում, անդրադառնալով օրեր առաջ ԱԺ նիստի ժամանակ իր և իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը

«Զգացմունքային պոռթկում է եղել՝ բանակի և ՊԲ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Ի տարբերություն իրենց՝ ես կարող եմ զբաղվել ինքնաքննադատությամբ: Բոլոր նախարարների ժամանակ եղել են և՛ դրական կողմեր, և՛ թերություններ ու բացթողումներ:

Ես մեծ աշխատանք եմ տարել կաշառակերության, կոռուպցիոն ռիսկերի դեմ: 8.5 տարվա ընթացքում շուրջ 135 անձանց ազատել եմ առնվազն գնդապետի պաշտոնից, որոնց կեսը կապված է եղել կոռուպցիոն ռիսկերի հետ: Դա նշանակում է, որ ես յուրաքանչյուր 23 օրը մեկ  համապատասխան որոշում եմ ընդունել, և դրանց մի մասը եղել է զորակոչի հետ կապված: Իմ ժամանակ էլ եղել են թերություններ, ես եղել եմ պաշտպանության նախարար, և դա անուղղակի վերաբերում էր ինձ, և ես պաշտպանել եմ նաև այսօրվա նախարարին»:

Գեներալն ընդգծեց, որ Հայկ Սարգսյանն իրավունք չուներ իր հետ «արա»-ով խոսելու:

«23 օր ես հանգիստ լսել եմ բոլոր այն վիրավորանքները, որոնք արվել են բանակի և մեր հասցեին: Կարծես այնպես էր ստացվել, որ ես պաշտպանության նախարարն եմ, իսկ իրենք՝ ընդդիմություն: Այդ պոռթկումը համաչափ է եղել, ավելի մոտ լիներ, կարող է մի հատ հայրական ապտակ տայի»:

Անդրադառնալով ԱԺ-ում  իշխանությունների հետ աշխատանքային մթնոլորտում աշխատելու վերաբերյալ հարցին՝ Սեյրան Օհանյանը նշեց.

«Իրենք մեզ քննադատում են, որ մենք կառուցողական չենք, սակայն այս օրերի մեր գործողությունները եղել են առավել քան կառուցողական: Մենք հասանք նրան, որ բանավեճ լինի, որպեսզի ճանաչենք, թե ում հետ ենք աշխատում: Մենք չհասանք ամենակարևոր գործընթացին՝ իրավիճակին ռեալ գնահատական չտրվեց, գործող իշխանության կողմից ինքնաքննադատության ոչ մի ելույթ տեղի չունեցավ»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ իրենք արմատական ընդդիմություն են, և իրենց նպատակն է զսպման մեխանիզմներ ձևավորել Կառավարության ծրագրերի նկատմամբ:

«Իշխանությունները տրամադրված էին 1-1.5 օրվա ընթացքում անցկացնել Կառավարության ծրագիրը: Մեր կողմից ռեալ գնահատականներ են եղել մի շարք հարցերի վերաբերյալ: Ծրագրի մեջ ռեալ գնահատական  իրադրությանը, մանավանդ ռազմական ռիսկերի և մարտահրավերների վերաբերյալ, տրված չէ»:

Խոսելով ԱԺ  նախորդ օրերի միջադեպերը և լարվածությունը բացառելու մասին՝ գեներալը նշեց, որ պետք է փոխադարձ հանդուրժողականություն լինի:

«Միևնույն ժամանակ իշխանությունները պետք է հասկանան, որ այն իրականությունը, որը ստեղծվել է, ունի անուն-ազգանուն-հայրանուն, ես նկատի ունեմ ոչ թե կոնկրետ անձ, այլ կոնկրետ իշխանություն և իրենց գործունեության շրջանակում է, որ  ունեցել ենք անհաջողություններ»:

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը՝ Վահագնի թաղամասում անշարժ գույք ունենալու վերաբերյալ, Օհանյանը պատասխանեց.

«Ես չէի ցանկանա իջնել Անդրանիկ Քոչարյանի մակարդակին, բայց  կպատասխանեմ հետևյալը․  այդ տունը, որի նկարը մանիպուլացնելով ներկայացրին ԱԺ-ում, ինձ չի պատկանում, իրենք գիտեն կամ կարող են ճշտել՝ դա ում է պատկանում: Այստեղ ես ծառայողական և վարձով մի քանի տուն եմ փոխել, Արցախում էլ ունեմ մեկ տուն, որտեղ որդիս է ապրում»,- ասաց Սեյրան Օհանյանը: