Արդեն 2-րդ օրն է՝ ադրբեջանական զինված ծառայողները փակ են պահում Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը։ Նախօրեին տեղի ունեցած բանակցությունները ապարդյուն են անցել, կենսական կարևորության ճանապարհը այսօր էլ է փակ։
Կապան համայնքի ղեկավար` Գևորգ Փարսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ այսօր բանակցությունները պետք է շարունակվեն։
«Հանդիպումները տեղի ունեցան, բանակցություններն եղան։ Արդյունքում՝ հիմա մինչև այս պահն էլ ճանապարհը փակ է։ Այսօր պետք է բանակցությունները շարունակվեն»։
Փարսյանը տեղեկացրեց՝ բանակցությունները եռակողմ էին, հայկական կողմի ներկայացուցիչները ևս մասնակցություն ունեցել են։
Հարցին, արդյոք ադրբեջանական կողմը խոստացե՞լ է բացել ճանապարհը, համայնքի ղեկավարը տեղեկացրեց ՝ ճանապարհը բացելու խոստումներ չեն եղել, սպասում են նորությունների։ 10։12-ի դրությամբ, բանակցությունները չեն վերսկսվել։
«Արդյոք մտավախություն չունեն, որ բոլոր մյուս հարցերի շուրջ բանակցությունների պես էլ, այս հարցը ևս հանգուցալուծում չի ստանա ու ճանապարհը փակ կմնա, Փարսյանը պատասխանեց՝ մտավախություն կա։
Այս սցենարն առաջին անգամ չէ, որ նման ձևով կատարվում է։ Նման օրինակ կա Սև լճի, Իշխանասարի, Գեղարքունիքի մարզի հետ կապված։ Մեր մոտ նման հարցեր նույնպես առաջացել են՝ բանակցություններ ու արդյունքում ոչինչ։ Այո այդ առումով մտավախություն ունենք։ Տեսնենք, սպասում ենք։
Գործող միակ այլընտրանքային ճանապարհը բեռնատարների համար անհարմար ճանապարհ է։ Գրեթե ոչ օգտագործելի։ Ներկա դրությամբ այդ ճանապարհը վերանորոգվում է, բայց հատկապես Տաթևից դեպի Սատանի կամուրջ հատվածը ոլորաններ են, որոնք անհարմար են բեռնատարների համար։
Այս ճանապարհը, որ ներկա դրությամբ փակ է, սա ամբողջ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, որովհետև այս մայրուղին Իրիանի հետ կապող միակ ճանապարհն է։ Խնդիր առաջանում է ոչ միայն Սյունիքի մարզի, այլ ամբողջ Հայաստանի համար։ Կարծում եմ, որ ադրբեջանցիները հենց իրենք դա շատ լավ հասկանում են»,- ասել է Փարսյանը։