11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման շուրջ եռակողմ բանակցությունները հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի միջև շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
Գևորգ Փարսյանը պատկերացում չունի՝ ե՞րբ կավարտվեն բանակցությունները կամ ի՞նչ արդյունք դրանք կտան, բայց ամեն դեպքում շեշտում է բանակցությունների դրական ելքի անհրաժեշտությունը:
«Ես կարող եմ միայն ասել, որ բանակցությունների դրական արդյունքը խիստ անհրաժեշտություն է, որովհետև դա շատ կարևոր ճանապարհ է մեզ համար և ընդհանրապես Հայաստանի համար»,- ասել է Կապանի համայնքապետը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
Նշենք, որ ավելի վաղ այս մասին ահազանգել էր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, գրելով, որ ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: