կարևոր
2764 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-26 16:02

Ադրբեջանցիները հայկական կողմի հետ հանդիպել չեն ցանկանում. այս պահին մարզկենտրոնի հետ կապը կտրված է

Ադրբեջանցիները հայկական կողմի հետ հանդիպել չեն ցանկանում. այս պահին մարզկենտրոնի հետ կապը կտրված է

Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածների բացման շուրջ բանակցությունները վերսկսելու փորձն ապարդյուն է եղել։ Ճանապարհը փակած ադրբեջանցիների հետ փորձել է հանդիպել Սյունիքի մարզպետի տեղակալ Կամո Ավանեսյանը։ 

Նա «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները հայկական կողմի հետ հանդիպել չեն ցանկանում՝ նշելով, որ միայն ռուսական կողմի հետ են բանակցելու։

«Հակառակորդի հետ չկարողացանք հանդիպել։ Չեն ուզում մեր հետ հանդիպել, ռուսների հետ ենք հանդիպել, ասել են այսօրվա մեջ անպայման կբացվի»։

Խոսելով նման միջադեպերի շարունակականության և այլընտրանքային ճանապարհների մասին, փոխմարզպետը նշել է, որ մի քանի ճանապարհ կա՝ Բարձրավանից դեպի Տանձավեր, Շուռնուխից ևս այլ ճանապարհ կա, բայց աշխատանքներ են անհրաժեշտ իրականացնել, քանի որ այս պահին միայն «պերեդոկով»՝ «Վիլիս», «Ուազ» մեքենաների համար են հարմար։ Խոստացավ, որ կանդրադառնան այդ ճանապարհներին։

«Այսօրվա դրությամբ ճանապարհը բացվելու է։ Բանակցություններն այնպես են ընթանում, որ այսօր անպայման բացվելու են ճանապարհները»,- վստահեցրել է փոխմարզպետը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են:

Շուռնուխի համայնքապետ Հ.Արշակյանն էլ նշել է, որ այս պահին մարզկենտրոնի (Կապանի-խմբ.) հետ կապը կտրված է։

Հակառակ Սյունիքից ստացվող փաստերի, Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարարեց, որ ասֆալտապատում են Կապան-Աղվանի այլընտրանքային ճանապարհը.

«Այն մեծ տեմպերով ասֆալտապատում ենք։ Նորմալ, գրունտային ճանապարհ կա։ Ես նկատի ունեմ՝ Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ»։

Նրա խոսքով՝ իրենք կանխատեսել են, որ այդպիսի իրավիճակներ կարող են լինեն.

«Այնպես ենք պայմանավորվել, որ տրանսպորտային երթեւեկությունը կարգավորենք»։

Իսկ ադրբեջանցիների փակած ճանապարհը, ըստ նրա, Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց ճանապարհի այն հատվածներում, որոնք ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս են եղել: