Վան նահանգի արևելյան հատվածում գտնվող Տուշպա շրջանում հայկական գերեզմանատուն է ոչնչացվել։ Այս մասին հայտնում է թուրքական Bianet գործակալությունը։
Թուրքերն ավիրել էին Վանի Տուշպա գավառին ենթակա և Լեզք անվամբ հայտնի Քալեջիք թաղամասի հայկական գերեզմանոցը, որի հետևանքով դուրս էին հանվել հանգուցյալների ոսկորները:
Քալեջիք բնակավայրը, որը նախկինում կոչվել է Լեզք, մինչև 1915 թվականը եղել է հայաբնակ գյուղ։ 2011 թվականի Վանի երկրաշարժից հետո Թուրքիայի Բնակարանային շինարարության գործակալությունն այս հատվածում ակտիվ շինարարական աշխատանքներ էր սկսել և մի քանի բնակելի համալիր կառուցել։
Տեղի բնակիչներից մեկը բուլդոզերներ է տարել գերեզմանատան տարածք և վնասել գերեզմանաքարերը։
1915 թ․ Ցեղասպանությունից հետո Վանի Գևաշ (պատմական Ոստան) գավառից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, սակայն վերջերս վերստին Վանում բնակություն հաստատած Գայանե Գևորգյանն այցելել է հիշյալ գերեզմանատուն և արտասվելով վերաթաղել հանգուցյալների ոսկորները։
Գայանե Գևորգյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ցեղասպանության ժամանակաշրջանում գաղթել հարկադրված հայերի գերեզմանները ևս ցանկանում են վերացնել և հավելեց․ «․․․Բազմաթիվ հայեր դեռ իրենց պապերի գերեզմաններն են որոնում. գոնե հանգուցյալների հանդեպ հարգալից լինեն»։
Տիկին Գևորգյանը «Մեզոպոտամիա» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ թուրքական իշխանությունները պատրաստվում են հայկական գերեզմանոցի տարածքում բնակելի տներ կառուցել, որն անթույլատրելի է և ասել է․
«Ներսս տակն ու վրա է լինում։ Նույն բանը կատարվում է Ադրբեջանում հայկական գերեզմանների նկատմամբ։ Վանի բնակիչներից խնդրում եմ, որ այլևս չփորեն գերեզմաններն ու եկեղեցիները։
Թող դրանք կանգուն մնան, որ հայերը վրաները մի մոմ վառեն, աղոթք անեն, այցելեն այդ վայրերը։ Այս ամենը շատ ցավալի է։ Երբեք չեմ մոռանա։ Տեսա, թե ինչպես են առաջին անգամ մեքենաներով քանդում գերեզմանոցը, և այդ տեսարանն ինձ մեծ ցավ պատճառեց։
Ուզում եմ հարցս ուղղել այս որոշումը կայացրած անձանց․ եթե ձեր գերեզմանը լիներ, ինչպե՞ս կարձագանքեիք»։