Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի անթույլատրելի վարքագծի, ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների վերաբերյալ գրություններ է ուղարկել միջազգային կառույցների մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների գրասենյակներ:
«Սիրելի' հայրենակիցներ, ինչպես գիտեք, ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղի մոտ և հրաժարվում են բացել:
Այսօր տեղեկացանք, որ ադրբեջանական զինծառայողները փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը:
Ադրբեջանի այս անթույլատրելի վարքագծի, մեր քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ կանանց, երեխաների և ծերերի իրավունքների խախտումների վերաբերյալ գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցների մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների գրասենյակներ:
Ադրբեջանի այս գործողությունները սահմանափակում են մարդու՝ միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքները և պետք է միջազգային կառույցների կողմից դիտարկվեն որպես թշնամական գործողություն և դաժանություն ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ», - գրել է Թովմասյանը: