կարևոր
9832 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-26 11:24

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի Կառավարության ծրագրի քվերակությանը. նրանք լքեցին դահլիճը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի Կառավարության ծրագրի քվերակությանը. նրանք լքեցին դահլիճը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի Կառավարության ծրագրի քվեարկությանը:

Ազգային Ժողովում այսօր եզրափակիչ ելույթներն են. խմբակցության ղեկավարները ներկայացրին իրենց դիրքորոշումները:

Սեյրան Օհանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները այս օրերին մասնագիտական կարծիքներն են հայտնել Կառավարության ծրագրի մասին, նշել դրա բոլոր թերությունները:

Մեզ ավելորդ դասեր տալու կարիք չկա, մեր խմբակցության կարգապահության մասին կարող ենք խոսել միայն մենք, ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ միաժամանակ իր և իր գործընկերների անունից հանրությունից ներողություն խնդրելով երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպերի համար։

«Թույլ չենք տա, որ մեր արժանապատվությունը ոտնահարվի», - ասաց նա։ Սեյրան Օհանյանը շեշտեց՝ քաղաքական մեծամասնության ելույթներում ինքնաքննադատություն չի տեսնում, դրա համար էլ ենթադրում է, որ կառավարության ծրագիրը անխոչընդոտ կքվեարկվի։

«Բայց այդ ծրագիրը չի համապատասխանում պետության խնդիրներին։ Այն տպավորություն է ստեղծում, թե նախորդ մեկ տարում մեր երկրում ոչինչ չի եղել, չեն փոխվել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ողջ սերունդ և չի եղել պարտություն։ Կառավարության ծրագիրը չի համապատասխանում Հայաստանի և Արցախի առջև ահագնացող անորոշություններին։ Այս պահին ճանապարհների շրջափակումը բերելու է խոր շրջափակման», - ասաց Օհանյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ, խոսելով Կառավարության ծրագրի մասին, առնձնացրեց կարևորը՝ անվտանգության խնդիրը: Նա նշեց, որ չկա երաշխիք, որ կառավարության այս ծրագիրն իրականություն է դառնալու։

«Իշխանական լծակներին տիրապետողները նման են զրոյական փորձառություն ունեցող այն երեխաներին, որոնց ինչքան էլ ասում ես՝ չի կարելի հոսանքի հետ խաղալ, միևնույն է, ասածդ հասկանում են միայն այն ժամանակ, երբ երկաթե ձողով մտնում են վարդակի մեջ։ Նրանք չեն հասկանում, որ հոսանքը վտանգ է ու չեն լսում «մի՛ արա» հորդորը։ Հետո մի լավ հարված են ստանում ու սկսում սարսափել հոսանքից։

Նույնը մեզ մոտ է, ասում ես՝ չի կարելի բանակցային գործընթացին այդպես անլուրջ ու մեծամիտ վերաբերել, չեն լսում։ Հետո լինում է դեպքերի կանխատեսելի ընթացք ու ամբողջ կյանքում դառնում են պատերազմից սարսափողներ։ Երբեք չէի մտածի, որ կրկին կասեմ կա՛նգ առեք։ Ասում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչպես է իշխանությունը գնում և երկիրը տանում դեպի նոր ու վտանգավոր ծուղակ։ Այդ ծուղակի էությունը հանրային տրամադրությունների սխալ ընկալումն է և անվերապահ հաղթածի խաբկանք հոգեբանությունը»,-ասաց Վանեցյանը։

Ելույթների ավարտից հետո, երբ մնացել էր ՔՊ-ականների ելույթն ու Նիկոլ Փաշինյանի ամփոփոիչ խոսքը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները լքեցին դահլիճը։