կարևոր
3154 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-26 10:43

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Գորիս-Կապան միջպետական ճանապարհը

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Գորիս-Կապան միջպետական ճանապարհը

Գորիս-Կապան միջպետական ճանապարհն ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել։ Այս մասին հայտնել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Նրա խոսքով այս պահին ճանապարհը բացելու հարցով բանակցություններ չեն ընթանում։

«Բանակցությունների ընթացքում ադրբեջանցիներն ասել են, որ ճանապարհը փակելու պատճառը այն է, թե իբր երկու հայ զինծառայող հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա եւ նրան սվինով հարվածել։ Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է»,- նշել է նա։

Քաղաքապետը հայտնել է, որ գիշերը բանակցել են, դուրս են բերել քաղաքացիներին, ավտոմեքենաներին, որից հետո որոշել են, որ բանակցությունները պետք է շարունակվեն այսօր։ Ժամի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չկան:

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն էլ անդրադառնալով թեմային ասել է, որ ճանապարհը փակելուց հետո տարհանված մեքենաների մասով բնակիչներից կամ ուղևորներից ահազանգ չեն ստացել։

Յոլյանը նշեց, որ վաղուց էին բարձրաձայնում, որ ճանապարհներին տեղակայված ադրբեջանցիները սադրանքների են դիմում, ժեստեր ցույց տալիս։

«Բոլոր փոքր դրվագները, որոնք տեղի են ունեցել, խոսել ենք, բարձրաձայնել ենք և սրանք իհարկե, հուշում էին, որ այս տեսակ նախադեպերը շարունակական բնույթ են կրում ցավալիորեն»։

Հիշեցնենք, որ ՊՆ-Ը միջադեպի մասին տեղեկությունը բացարձակ կեղծիք և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվություն է համարել։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: