կարևոր
2311 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-26 10:16

Այս իշխանությունն առանձին հուշագրով Գորիս-Կապան միջպետական ճանապարհը մեր բոլորիս թիկունքում հանձնել է թշնամուն. Աննա Գրիգորյան

Զինված ադրբեջանցիները երեկ փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, և շրջափակման մեջ են թողել մեր հայրենակիցներին։ Այդ միջպետական ճանապարհն այս իշխանությունը մեր բոլորիս թիկունքում հանձնել է թշնամուն։ ԱԺ նիստի մեկնարկին այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պատգամավորը նշեց, որ ռուս սահմանապահների միջնորդությամբ հնարավոր է եղել մեր հայրենակիցներին դուրս բերել շրջափակումից։

«Այս իշխանությունը բոլորիս թիկունքում առանձին հուշագրով ստորագրել և հանձնել է թշնամուն այդ ճանապարհը՝ ասելով, որ այդպես են ապահովելու Սյունիքի անվտանգությունը։ Կարողացա՞ք ապահովել անվտանգությունը Սյունիքում։ Հասկանում ե՞ք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում։ Պարտության կուսակցությունը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել, այլ միայն ազգային նվաստացում»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ի՝ ուշ երեկոյան, սոցցանցերում հայտնվել է հայ-ադրբեջանական համատեղ հուշագրի լուսապատճենը:

Ըստ հուշագրի առաջին կետի նշվում էր, որ հայկական զորքերը 2020 դեկտեմբերի 18-ին, պետք է դուրս գան Կուբաթլուի եւ Զանգելանի շրջաններից։ Մեկ այլ կետով ճշգրտվում է Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի անվտանգության ապահովման մեխանիզմը։ Առանձին կետով շեշտվում է, որ հայկական եւ ադրբեջանականկողմերը երաշխավորում են տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների անվտանգությունը: Սահմանվում է, որ Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը վերահսկում  եւ ապահովում է կապը երկու կողմերի միջեւ։ Հուշագրի 6-րդ կետում գործունեության ժամկետ նշված է 5 տարին, հետո ինքնստիքնյան 5 տարով երկարացմամբ, եթե կողմերից մեկը (Հայաստան, Ադրբեջան) ժամկետի ավարտից առաջ 6 ամսվա ընթացքում չհայտարարի տվյալ իրավիճակի իրագործման դադարեցման մասին։ Ովքեր են ստորագրել փաստաթուղթը հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը 2021թ.-ի հունվարի 11-ին դիմել էր ՀՀ վարչապետին՝ տրամադրել հետևյալ տեղեկությունը՝ արդյոք նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ հայտարարությանը կից, դրա մաս կազմող կամ դրա պայմանների կատարումն ապահովող առանձին հավելվածներ կա՞ն:

Հունվարի 15-ին Կառավարության հասարակայնույթան հետ կապերի վարչությունից ստացվել է պատասխանը. «նոյեմբերի 10-ի՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսատանի նախագահների համատեղ հայտարարությունից զատ որեւէ հավելված փաստաթուղթ գոյություն չունի եւ դրան կից չեն ստորագրվել այլ համաձայնագրեր»: Պատասխանի լուսապատճենը՝ այստեղ: