Նոյեմբերի 9-ի լույս 10-ին կառավարության շենք մուտք գործած մարդիկ պատճառաբանություն ունեին, որ Նիկոլ Փաշինյանը չստորագրի փաստաթուղթը, քանի որ համացանցում տարածվում էր փաստաթղթի օրինակը, որտեղ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը առկա չէր։ Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ձեզանից շատերի հետ համագործակցող մարդիկ ֆեյսբուքում ակտիվ հենց այդ միտքն էլ բարձրաձայնում էին»,- ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ երեք տարվա ընթացքում տեղեկատվական մանիպուլյացիաներ են եղել։
Վարդևանյանը՝ անդրադառնալով ընտրողների թվին, նշեց, որ այդ նույն ընտրողների թվում ևս կան մարդիկ, որոնք մանիպուլյացիաների էին տրվել։
«Կարո՞ղ եք ունենալ անկեղծություն ու ասել, որ մոտ 680 հազար քաղաքացիների մեջ էլ կան մարդիկ, որոնք մինչև օրս մտածում են, որ նոյեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին գերի էր վերցրել։ Ախր նման տեղեկություններ են տարածում ձեր հետ ասոցացվող էջեր, ԶԼՄ-ներ։ Թե՞ ստիպում էին, որ Փաշինյանը ստորագրի այդ փաստաթուղթը»։
Վարդևանյանը ուշադրություն հրավիրեց Կառավարության ներկայացրած ծրագրի արտաքին հարաբերությունների բաժնին։
«Այնտեղ գրված էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է լինեն առանց նախապայմանների։
Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է լինեն առա՞նց նախապայմանների։ Առանց նախապայմանների մասին Թուրքիայի հետ հարաբերությունների մասին առաջին անգամ խոսել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Շարունակվե՞լ էր այն երկրորդ, երրորդ նախագահների օրոք․ այո, շարունակվել էր։ Երեք նախագահներից ո՞ր մեկի պաշտոնավարման ժամանակ, ինչպես ասել էր ձեր գործընկեր Վլադիմիր Վարդանյանը, միջազգային իրավունքը սպանում էին։ Սպանողը Թուրքիան է։
Ես, նայելով ձեր աչքերին, ուզում եմ ասել հետևյալը՝ ինձ համար Ալիևը և Էրդողանը միջազգային հանցագործներ են, որոնք պետք է պատժվեն։ Ի դեպ, ձեր գործընկերներից մեկն ասում էր, որ միայն պետությունն է միջազգային հանցագործների սյուբեկտ։ Անձինք էլ են լինում։ Եվ այս երկուսը պետք է պատժվեն։ Այն բայրաքթարները, որոնցով մեր տղաներին սպանում էին, գիտեք չէ ում անունով է։ Այո՛, միջազգային հանցագործ Էրդողանի բարեկամի։
Ուզում եմ մեկ բան հասկանալ, դուք և՞ս այդ մարդուն համարում եք հանցագործ։ Եվ արդյոք նախապայման չպետ է լինի, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները միջազգային պատասխանատտվության ենթարկվեն։ Եվ արդյոք դա չպե՞տք է լինի նախապայման և ոչ թե առանց պայմանների։