կարևոր
1087 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-25 20:15

Մեկ մարդու իշխանությունը, անկախ այն բանից, թե՝ ով է, միշտ դատապարտված է. Աղվան Վարդանյան

Սա մեկ մարդու կառավարություն է, մեկ մարդու իշխանություն է, եւ հենց այդ պատճառով այս կառավարությունը եւ ծրագիրը դատապարտված են ձախողման։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Ծրագիրը թուղթ է, ինչ գրում ես՝ գրվում է։ Այս դեպքում էլ բոլոր ոլորտներին անդրադարձ կա, վատ էլ չի շարադրված, բայց նվազագույն կոնկրետություն, պարտավորությունների անորոշություն, քաղաքացիներին մոլորեցնելու անսահման հնարավորություն կա։ Դուք կառուցողական չեք, ձեր քայլերը հակապետական են։ Վարչապետի թշնամական վերաբերմունքը երկրի նախկին երեք նախագահների նկատմամբ հակապետական մտածողության ցուցիչ է»։

Աղվան Վարդանյանի խոսքով՝ ամեն ինչում նախկին իշխանություններին մեղադրելը այս իշխանության համար արդեն հիվանդագին է դարձել։

«Բոլոր հարցերում մեղավոր են նախկինները։ Բա դուք ի՞նչ եք արել։ Ինչ կորցրել ենք ձեր ղեկավար երեք տարիներին է եղել, միակ բանը, որ պահել եք ձեր ժամանակավոր իշխանությունն է։ Երեկ ինչ լավ էիք սկսել, լավ նախապատրաստվել էիք խաղաղ, հանդարտ խոսում էր, հարգանքով հարցերին պատասխանում, բայց անհավասարակաշիռ էությունը երկար չես թաքցնի։ Սադրանք եւ հանցագործություն երեկ եւ այսօր Ազգային ժողովում՝ հատուկ կազմակերպված»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը։

Ըստ Աղվան Վարդանյանի՝ խաղաղ դարաշրջանի մասին դրույթները հերթական մանիպուլյացիան են։

«Պատերազմ բերելուց եւ պարտություն տանելուց հետո առաջացած խաղաղության դարաշրջան բացելու ձեր հավակնոտ օրակարգն է։ Ձեզ խաղաղության համար Արցախի տարածքը եւ հազարավոր 18 տարեկան զոհերն էին խանգարո՞ւմ»,- հավելեց Վարդանյանը։

Պատգամավորը նաև նշեց, որ իշխող ուժը մեծամասամբ ձախողել է իր ծրագրերը։

«Դուք ձեր բնությով կառուցող չեք, ձեր քայլերն ու մոտեցումները հակապետական են։ Ձեր իշխանության երեք տարիներն ասվածի վկայությունն են՝ Արցախի հարցում, հանրային հարաբերություններում։ Այս երեք տարիներին ինչ հայտարարել եք 90 տոկոսով հակառակն եք արել՝ երկիրը տարել եք խայտառակ պարտության, միտումնավոր, թե՝ ոչ, կպարզվի։ Ձախողել եք բոլոր ոլորտները, քայքայել եք բանակը, կազմաքանդել եք պետությունը»,- հայտարարեց պատգամավորը։

Վարդանյանը նշեց, որ վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը, երկրի սահմանները չի պաշտպանվում։

«Միջազգային ասպարեզում պետությունն օբյեկտի եք վերածել, դուք ե՞ք տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու, հետո ինչ, որ ելույթում փառաբանում եք Պուտինին, Մակրոնին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին։ Մոռացե՞լ եք, որ ժողովրդի մանդատով արհամարհում էիք աշխարհաքաղաքականությունն ու անտեսում նույն Պուտինին»,-ասաց Վարդանյանը։

Վերջինս նշեց, որ միակ բանը, որ իշխանություններն այս 3 տարիների ընթացքում պահել են, դա իրենց ժամանակավոր իշխանությունն է։ Ուժային կառույցներն էլ դարձրել են քաղաքացիներին, ԶԼՄ-ներին ճնշելու, իշխանությունը պահելու գործիք։

«Մեկ մարդու իշխանությունն, անկախ նրանից, թե ով  է, միշտ դատապարտված է։ Արթուր Մեսչյանի խոսքն է՝ ուժային կառույցներով ապավինելով՝ ոչ մի իշխանություն երկար չի դիմացել»,- ելույթն ամփոփեց Աղվան Վարդանյանը։