կարևոր
2377 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-25 19:43

Դուք 2018-ին ստացել էիք երկաթ-բետոնե մանդատ, որը մսխել եք. դուք և ՀՀ շահերը տարբեր եք․ Վարդանյանը՝ Փաշինյանին

Այսօր այստեղ քաղաքական մեծամասնությունն ասում է, թե ունենք այնքան ուժ, որ կարող ենք անել ամեն ինչ։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ես և շատ մարդիկ ուրախ կլինեինք, որ հաջողեիք և այն ինչ ասել եք 2018-ին, դրա գոնե կեսն իրականացնեիք։ Ասել եք մի բան, բայց արել եք լրիվ հակառակը։ Ասել եք՝ ժամկետնանց վարկերը պետք է զրոյացնեք։ Ասել եք՝ բիզնեսն ու քաղաքականությունը իրարից պետք է տարանջատել։ Ու ի՞նչ եք արել։ Այս ընթացքում հարկերը բարձրացել են, սովորական մարդու սառնարանում ոչ մի բան չի փոխվել։ Ձեր ցուցակում Հայաստանի ամենախոշոր  գործարարներից մեկն է։ Պարոն Սուքիասյան, քանի՞ մարդ եք գործից հեռացրել ՔՊ-ին դեմ լինելու համար»։

«Մենակ դուք կարող էիք ժողովրդավարությունը ու անվտանգությունը հակադրեիք իրար։ Ո՞րն է ժողովրդավարությունը, որ ասում եք ազատագրել եք Հ1-ը, երկիրը։ Պետրոս Ղազարյանի՞ն եք ազատագրել»։

Պատգամավորը հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերույթունից հաղորդավար է հեռացվում աշխատանքից միայն քաղաքական ուժին դեմ լինելու համար։ 

«Այս պայամաններում եկել եք, ասում եք հաղթել ենք, ստացել ենք պողպատե մանդատ, եկեք համագործակցե՞նք։ Դուք 2018-ին ստացել էիք երկաթ-բետոնե մանդատ, որը մսխել եք։ Որևէ բան չեք արել ձեր խոստումներից, հիմա եկել եք առաջարկում եք համագործակցություն»,- ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ իշխող ուժի հետ համագործակցությունը բացառում է, քանի որ խոսքն այստեղ երկրի անվտանգությանն է վերաբերում։

«ՀՀ -ի շահի համար սատանայի հետ էլ պետք է համագործակցել, բայց դուք հակասում եք ՀՀ շահերին։ Հայաստանի հանրապետությունը հիմա մի խնդիր ունի՝ անվտանգությունը։ Դուք ոչ միայն չեք կարող անվտանգությունն ապահովել, այլև դուք սպառնում եք անվտանգությանը։ Եվ այստեղ է, որ չենք կարող համագործակցել»,- իր ելույթում ասաց պատգամավորը։

«Հիմա դուք մի խնդիր ունեք՝ ՀՀ անվտանգությունը ու դուք դա ոչ միայն չեք կարող ապահովել, այլ սպառնում եք դրան»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ դա է պատճառը, որ չեն կարող համագործակցել, քանի որ չեն ցանկանում երկրի անվտանգությունը վտանգել։