«Վկայակոչեք այն իրավական նորմը, որով դուք գերագույն հրամանատար եք»․ ԱԺ-ի ամբիոնից հնչեցրած ելույթում Փաշինյանին այս պահանջն ուղղեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այն իրավական նորմը, որով դուք գերագույն գլխավոր հրամանատար եք եւ այն իրավասությունները, որով դուք մտել եք բանակցությունների մեջ, ստորագրել եք նոյեմբերի 9-ի հայտարարությունը ու կորցրել ենք Արցախի 75 տոկոսը»,- ասաց Մինասյանը։
«Արայիկ Հարությունյանը՝ Արցախի Հանրապետության նախագահը, մեղադրում է Ձեզ մի արարքի մեջ, որը պետական դավաճանության հատկանիշ է։ Դա մենք չենք ասում, դա ասում է Արցախի Հանրապետության նախագահը»,- նշեց Մինասյանը և հավելեց, որ Փաշինյանը չպատասխանեց այդ հարցին երեկ, այնինչ հստակ պետական դավաճանության փաստերով մի շարք հաղորդումներ են եղել:
Անդրադառնալով նոյմեբրի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած դեպքերին՝ Մինասյանը քպ-ակններին կոչ արեց ոչ թե մերկապարանոց ելույթներ ունենալ, այլ՝ «Եթե Դուք ունեք տվյալներ կոնկրետ հանցագործների մասին, ինչու՞ չեք հայտնում իրավապահ մարմիներին: Փորձեք գտնել կազմակերպիչներին, միգուցե ձեր միջի՞ց են»,– հավելեց նա։
«Մեր այսօրվա քննարկման լարվածությունը գալիս է նրանից, որ մենք այս աղետի վերաբերյալ չունենք տրված գնահատական։ Որպեսզի պարզենք ճշմարտությունը, պետք է քաղաքական տնտեսական եւ իրավական հստակ գնահատականներ տրվեն»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով Կառավարության ներկայացրած ծրագրին Մինասյանը նշեց․
«Եթե չեք գնահատել, չեք վերլուծել, ներդրումային ի՞նչ քաղաքականության մասին եք խոսում․ Դուք ծանո՞թ եք էս ծրագրին, ծրագիրը փորձեցի նայել, հասկանալ, որ այդ ներդրումային ծրագրի շրջանակներում որոնք են այդ մեխանիզմները, ի վերջո մեր երկրին ներդրումներ են պետք, եթե նկատի չունեք թուրք -ադրբեջանական կապիտալը, ապա այս ծրագիրը չի կարող իրականանալ, եթե նկատի ունեք թուրք-ադրբեջանական կապիտալը, նշանակում է, այո՛, Հայաստանի և Արցախի վերջնական կործանում։ Հույս ունեմ, որ այնուամենայնիվ էս վերջինը նկատի չեք ունեցել»,- ասաց պատգամավորը։