կարևոր
2683 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-25 18:37

Հնարավոր չէ հավատալ մի իշխանության, որն ամեն ինչ և անընդհատ կեղծում է. ձեր խոստումները միայն աղետ ու ողբերգություն են բերում․ Էլինար Վարդանյան

Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ԱԺ դահլիճում, պարզապես խայտառակություն են՝ ունեն կոնկրետ ուղղորդում։ Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Պատգամավորը նշեց, որ ԱԺ դահլիճում հնչեցին տարբեր մտքեր, հայհոյանքներ, բայց հնչեց մի միտք, որն ամենավտանգավորն էր.

«Ձեր ղեկավարն այս ամբիոնից քաջալերում էր բռնությունը, քաջալերում էր ձեր կողմից կիրառվող բռնությունը, քաջալերում էր ՊՊԾ կողմից կիրառվող բռնությունը։ Այդ նույն ղեկավարն ընդամենը 13 տարի առաջ ասում էր՝ հոգիս փառավարվում է, երբ մարդիկ փայտերով, մահակներով հարձակվում են ոստիկանների վրա»։

Վարդանյանը հիշեցրեց, որ երեկ Փաշինյանի հոգին փառավորվում էր, երբ նույն ՊՊԾ-ն բռնություն էր գործադրում երիտասարդ կնոջ նկատմամբ։ Նա դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Մի հատ կողմնորոշվեք՝ ձեր հոգին ի վերջո ինչի՞ց է փառավորվում, երբ ՊՊԾ հանդեպ են բռնություն կիրառում, թե՞ երբ ՊՊԾ-ն է բռնություն կիրառում»։

Ըստ Էլինար Վարդանյանի՝ մյուս առանցքային հատվածը երեկվա ելույթից այն էր, որ մեր պետությանը սպասվում են անորոշություններ, անկայունություն և ներքին մարտահրավերների բավական բարդ փուլ։

«Դուք երկրորդելով ասում էիք՝ դե որ մեզ տվել են մանդատ, ինչ ուզում ենք, անում ենք։ Բայց այդպես չէ, ձեզ քվե է տվել 600 հազարից մի քիչ ավելի մարդ, 400 հազար ընտրող ձեզ դեմ է եղել, գնացել ասել է՝ դեմ է ձեր իշխանությանը, ավելին՝ 800 հազար ընտրող էլ չի մասնակցել, էլի ձեր կողմը չէ։

Այնպես եք խոսում, կարծես մեր երկրում ոչինչ չի էլ եղել: Հա էլի  նախկիններն են…

Դուք այս ամբիոնից այնքան հանգիստ եք շահարկում այս թեման, որ կարծես  նոյեմբերի 9-ին իսկապես խայտառակ կապիտուլյացիա չի եղել,  այնքան հանգիստ եք խոսում, որ կարծես մեր երկրին աղետ ու ողբերգություն չեք բերել: Մի հատ նայեք կողքներդ: Ձեզ ինչ ասում են, ասում եք՝ բա նախկինների ընդունած  վարչատարածքային բաժանման մասին օրենքը:

Ինչպես ասում է ձեր տիկին Բադալյանը՝  իրոք, լուրջ:

Ձեզ այնպես եք պահում, կարծես մեր պետության սահմանները չեն փոխվել, տարածաշրջանում մեր պետության կշիռը զրոյականի չեք հասցրել, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն, մինչև երեկ դիեր չէին հայտնաբերվում:

Երեկ Խաչատրյան Մանվելի հոգեհանգստ էր: Երեկ, հասկանում եք, երեկ: Եռաբլուրում դեռ փոսեր են փորում»:

«Հայաստան» դաշինքի անդամն ասաց, որ չի հավատության այս կառավարության ներկայացրած ծրագրին, իր մոտ այնպիսի տպավորություն է, որ հենց իշխանության անդամներն էլ այդ ծրագրին չեն հավատում:

«Հնարավոր չէ հավատալ մի իշխանության, որն ամեն ինչ և անընդհատ կեղծում է: Կեղծիքը դարձել է ձեր կրեդոն՝ կեղծել եք բանակցությունները, 44 օր կեղծել եք պատերազմը, զոհերի, գերիների, անհետ կործաների թվերը հստակ չեք ասում: Դուք կեղծել եք Ադրբեջանին հանձնվող բնակավայրերի հարցը, կեղծում եք  խոսքի ազատությունը, լրատվամիջոցների գործունեության ազատությունը, ժողովրդավարությունը: Ձեր ամեն խոստում հակառան է հուշում:

Ասում եք՝ Արցախը Հայաստան է ու վերջ, հետո Արցախի  75 տոկոս կորուստ ենք ունենում»,- ասաց Էլինար Վարդանյանը՝ ընդգծելով, որ չի կարող անընդհատ ստի վրա գործող իշխանությանը վստահել, որ նա կիրականացնի այդ ծրագիրը:

«Ոչ միայն չեմ հավատում ձեր ծրագրին, այլև մարդկանց խորհուրդ կտամ վախեցեք այդ ծրագրից, որովհետև ձեր  խոստումները միայն աղետ ու ողբերգություն են բերում»,- ընդգծեց Էլիան Վարդանյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին: