ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունն առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև՝ դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ հայտարարելով, որ տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա:
«Այդ դրսևորումները զուգորդվել են ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ՝ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը», - նշված է հաղորդագրության մեջ:
Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպից հետո ժամը 12։00-ին Ազգային Ժողովում շարունակվեց ընդհատված նիստը, որը այս անգամ նույնպես, երկար չտևեց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև նոր վեճ սկսվեց