կարևոր
517 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-25 15:49

Ծրագրում չկա «Արցախի Հանրապետություն» եզրույթ, դա ձեր քաղաքականությո՞ւնն է․ Տիգրան Աբրահամյան

Ծրագրում չկա «Արցախի Հանրապետություն» եզրույթ, դա ձեր քաղաքականությո՞ւնն է․ Տիգրան Աբրահամյան

Անվտանգության վերաբերող բլոկում և Արցախի հիմնախնդրին վերաբերող բլոկում չկա «Արցախի Հանրապետություն» եզրույթը, դա ձեր քաղաքականությո՞ւնն է, որևէ այլ պայմաններո՞ւմ է դուրս մնացել կառավարության ծրագրից, մտածելակե՞րպ է, թե՞ ինչ է «Հանրապետություն» եզրույթի բացակայությունը և սա այն պայմաններում,  երբ կառավարության ծրագրի բոլոր կետերում նշված է Հայաստանի Հանրապետություն, բայց Արցախի Հանրապետություն նշված չէ։ Այս մասին ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, կարող են ենթադրել միգուցե սա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի հետ հարաբերություններ չսրելու հետ կապված խնդիր կա:

Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամի, Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածում նշվում է, որ կառավարությունը կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո, ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցմամբ, հայտնի սկզբունքների ու տարրերի, ինքնորոշման  իրավունքի հիման վրա:

«Կառավարության ծրագրում կարգավիճակի հետ կապված ամրագրում կա, բայց միջազգային օրակարգում, հարաբերություններում կարգավիճակի հետ կապված որևէ հարց առաջին պլան բերված չէ:

Կարգավիճակի հարցը արցախցիներին հուզող թիվ մեկ խնդիրն է, այս հարցի չկարգավորումը ցանկացած տիպի սոցիալական, ֆինանսական, տնտեսական ներդրումների պարագայում որևէ խնդիր չի լուծելու:

Եթե մեր, ձեր կառավարության համար առաջնահերթությունն արցախցիների՝ Արցախում ապրելն է և հետագայում  համապատասխան կարգավիճակ ունենալը, ասեմ, որ այս պահին դա ձեր կողմից առաջնային օրակարգ բերելը որևէ ձևով չի ստացվում»- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցել է 3773 զոհ,  Աբրահամյանն ասաց, որ մի քանի ֆորմատով նաև հանդիպումներ են ունեցել ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, այլ թիվ է հնչեցվել, որն այս պահին չի կարող հրապարակել:

«Ճշտումներ արեք ու դուք հրապարակեք:  Նիկոլ Փաշինյանի կողմից այլ թիվ է հնչել, որտեղ մոտ 200-ի տարբերություն է եղել, այս պարագայում հստակ պարզաբանման կարիք կա»,- ասաց Տ. Աբրահամյանը:

Ելույթի վերջում Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ կառավարության ծրագրում անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը որևէ ձևով արտահայտված չէ․ «Թվում է, թե բոլորի համար պետք է պարզ լինի, թե ինչ խնդիր է դրված, բայց պարզ չէ։ Զինված ուժերը որևէ պայմաններում ապահովելո՞ւ են Արցախի անվտանգությունը, թե՞ ոչ։ ԶՈՒ-ն ոչ արդյունավետ բանակցությունների պայմաններում Արցախում մարտեր վարելու խնդիր ունի՞։

Միայն ԶՈՒ-ի առջև դրված հստակ խնդիրներից են կախված, թե իրականում ձեր բերած ծրագիրը, գոնե անվտանգության, բլոկում իրենից արժեք ներկայացնում է, թե՝ ոչ:

Ցավում եմ, բայց այս ծրագրում սրա հետ կապված մեծ թվով խնդիրների որևէ պատասխան չեմ տեսնում»,- ամփոփեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: