կարևոր
1735 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-25 15:23

Եթե հիմնական խոստումը չիրականացվեց 2019 թվականի ծրագրում, որտեղի՞ց վստահություն, որ 2021 թվականի ծրագրում դա կիրականացվի․ Արթուր Խաչատրյան

2019-ի կառավարության ծրագրի հիմնական մեխը երջանկությունն էր, հիմա երջանի՞կ ենք մենք, հիմա կարելի է գեղեցիկ ծրագրեր գրել, նոր, մոդայիկ բառեր օգտագործել, բայց էականը ունեցած արդյունքներն են: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Փաստ է, որ երջանկության խոստումը չի իրականացվել, եթե հիմնական խոստումը չիրականացվեց 2019 թվականի ծրագրում, որտեղի՞ց վստահություն, որ 2021 թվականի ծրագրում դա կիրականացվի։

Ասում էիք, որ ներդրումները կհորդի, դուք պատկերացնում եք ներդնողը գա մի երկիր, որտեղ կառավարությունն ասում է, որ դատարանները պետք է կատարեն իրենց կամքը»,-ասաց նա: 

Բանակի բարեփոխումների մասին խոսվեց, ինձ հետաքրքիր է՝ բարեփոխումների հայեցակարգի մեջ Գլխավոր Գերագույն հրամանատարի դերակատարության ինչ-որ մի բան հստակեցնելո՞ւ եք, թե՞ չէ։ Օրինակ, ասում էիք, որ Հայաստանը չէր կռվում մենակ Ադրբեջանի դեմ, թուրքեր, վարձկաններ։ Օզալը դեռ 93 թվականին էր փորձում Հայաստան զորք մտցնել, բայց մեր ակտիվ դիվանագիտությունը դա կանխեց, այսօր դա չկանխվեց։ Էլի հույս ունենք, որ արտաքին քաղաքականության մեջ հաջողա՞կ կլինենք։ Հաշվի առնելով, որ կադրային դիվանագետների քանակը գնալով նվազում է և բարձր դիվանագիտական պաշտոնների, ի հեճուկս խոստումների, նշանակում են քաղաքական անձիք, որոնց դիվանագիտական փորձառությունը խիստ համեստ է, հաջողության ակնկալիքները բավականին քիչ են։ 

Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ տնտեսությունն աճում է, ներդրումները հորդում են, 2019 թվականին Կառավարությունն արձանագրեց 7,6 տնտեսական աճ, որի 5,4 տոկոսը առևտուրն ու ծառայություններն էին։ 2020 թվականի մասին չէի ուզենա խոսել, որովհետև Քովիդ, պատերազմ․․․ և այլն, բայց ամեն դեպքում մի հետաքրքիր հարց կա՝ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ Քովիդը հնարավորություններ է ընձեռնում, խոսեց 30 միլիարդ դոլարի հնարավորությունների մասին։ Ինձ հետաքրքիր է՝ այդ 30 միլիարդից քանի՞ ցենտն իրականացվեց, որովհետև արտաքին բալանսի, առևտրի բալանսի վրա, բյուջեի վրա այդ 30 միլիարդը չի երևում։

2021 թվականի առաջին եռամսյակում համեմատած 2020 թվականի առաջին եռամսյակի, որը համեմատաբար քիչ էր տուժել քովիդից, մենք ունենք ՀՆԱ-ի անկում։ Երկրորդ եռամսյակում աճ ունենք, բայց եթե 2013 թվականի հետ համեմատենք, աճը շատ ավելի մեծ կլիներ․․․»։

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։