«Հակառակ պետական իշխանությունների պնդումներին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում անվտանգային, պետական կառավարման, քաղաքական, սոցիալ-տնտեսական բարոյահոգեբանական ճգնաժամը չի հաղթահարվել»,- Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Ճգնաժամը խորացել է ու բերել բացասական հետևանքների: Դրանցից կառանձնացնեի արտագաղթի տեմպը, եթե համավարակով պայմանավորված սահմանափակումները չլինեին, ապա արտագաղթը կվերածվեր տարհանման: Ճգնաժամի չհաղթահարման մյուս ապացույցը թշնամի պետության ղեկավարի ախորժակն է, ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ տարածքում»:
Ճգնաժամի չհաղթահարման մյուս ապացույցն Ադրբեջանի նախագահի ախորժակն է և ՀՀ տարածքում թշնամու զորքերի ներկայությունը, իսկ Ալիևն ագրեսիվացել է, քանի որ Հայաստանը շարունակում է ներկայանալ պարտության դեմքով:
«Արժանապատիվ խաղաղության» բանաձևին՝ պարտության կուսակցության առաջնորդը հակադրեց «Նվաստացման գնով խաղաղություն» հակապետական բանաձևը, որը բերում է և՛ նվաստացում, և՛ պատերազմ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և շեշտեց, որ խաղաղության դարաշրջանի լոզունգների ներքո նոյեմբերի 9-ից հետո արդեն տասնյակ զոհեր ենք տվել:
«Ադրբեջանի ժողովրդին բավարարելու ձգտումը տվել է իր արյունոտ պտուղները և ներկայումս կանգնած ենք լինել-չլինելու հարցի առաջ:
Պատերազմի պատճառը պարտության կուսակցության առաջնորդի մեծագույն սխալն է եղել, որով Հայաստանն ու Արցախը մտցրել է միջազգային խոշոր խաղացողների հակադրության տիրույթ:
Բանակցության գործընթացը տապալելով, սխալ արտաքին և ներքին քաղաքականություն վարելով Փաշինյանը դարձել է պատերազմի և պարտության թիվ մեկ պատճառը, պատասխանատուն, մեղավորը և ավելացրեց, որ այսօր Արցախի խաղաղության երաշխավորը բացառապես Ռուսաստանի խաղաղապահներն են, իսկ Հայաստանի ինքիշխանությունը հայտնվել է հարցականի տակ և Հայաստանը գոյատևում է ոչ թե մեր բանակի, այլ ռուսական գործոնի շնորհիվ:
Սիրելի ժողովուրդ, քեզ խաբել են, խաբում են ու շարունակելու են խաբել, քանի դեռ հաշիվ չես պահանջում»,- հայտարարեց պատգամավորը և շեշտեց, որ իշխանությունը պառակտել է ժողովրդին, թշնամացրել բարեկամներին, հասարակությանը վերածել ամբոխի և արթնացրել ստորին բնազդները:
«Մեր նեոբոլշևիկները խոստացան խաղաղություն և թռիչքաձև աճ, բայց վերջինս ապահովեցին բացառապես իրենց գրպաններում, իսկ Հայաստանի և Արցախի գլխին բերեցին պատերազմ, ողբերգություն ու պարտություն»,- ասաց Թևանյանը և հավելեց, որ իշխանության քարոզչական մեխն այն է, որ «հպարտ» որակված քաղաքացու հակառակորդը ոչ թե արտաքին թշնամին է, այլ իր տան հարևանը, բարեկամը, այն համաքաղաքացին, որն իր դասակարգից չէ:
Իշխանություններն Արցախի կորուստը ներկայացնում են իրենցից չկախված ողբերգություն, բայց և դրական հնարավորություն Հայաստանի նոր ապագայի համար, բայց Սյունիքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտուները փաստում են, որ հայ ժողովուրդը կանգնած է ավելի վտանգավոր մարտահրավերների առաջ»:
Ըստ պատգամավորի, ներկայիս իշխանություններն առաջնորդվում են բոլշևիկների ոճով, իսկ նպատակը մեկն է՝ ունենալ իշխանություն և իրականացնել սեփականության վերաբաշխում:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը ժողովրդին հարցրեց, թե այս երեք տարվա թալանի դեմ պայքարից ի՞նչ են իրենք ստացել և անմիջապես հաստատեց, որ ոչինչ, իսկ իշխանությունները ստացել են ու արագ հարստացել, հակաօլիգարխիկ պայքարի ներքո վերակենդանացնում են հին օլիգարխներին ու ստեղծում նորերին՝ ասֆալտի օլիգարխներին և թալանի դեմ կոչեր հնչեցնեղներն՝ իրենք են զբաղված թալանով:
«Պատերազմում հազարներով զոհվեցին, իսկ զոհվելու պատրաստակամություն հայտնած առաջնորդը, ոչ թե հեռացավ պաշտոնից, այլ ինքնահռչակվեց որպես փրկիչ ու մտավ խաղաղության աղավնու դերի մեջ, որն էլ ոգևորեց Ալիևին և բացեց նրա ախորժակը»,- հայտնեց Թևանյանը: