կարևոր
550 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-25 11:40

Ի՞նչ էր խոսատացել այս իշխանությունը 2018-ին և ինչ կա հիմա․ աղքատությունն աճում է ահագնացող և անկառավարելի գնաճի հետևանքով. Թադևոս Ավետիսյան

Ազգային ժողովում ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ Կառավարության ծրագրի տնտեսական, սոցիալական պաշտպանության, ժողովրդագրության, աշխատանքի և զբաղվածության և հանրային կառավարման ոլորտներին վերաբերող դրույթներին: 

Ավետիսյանն մի քանի թվեր ներկայացրեց՝ հիշեցնելով, թե ինչ էր խոսատացել այս իշխանությունը 2018-ին և ինչ կա հիմա:

«2018 թվականին խոստանում էիք մինչև 2050 թվականը ՀՆԱ-ի միջին տարեկան 9,5 տոկոսանոց աճ, օտարերկրյա ներդրումների բում: Ի՞նչ եղավ:

2017 թվականին փաստացի ՀՆԱ-ն աճել է 7,5 տոկոսով, իսկ 2018 թվականի հունվար-ապրիլին՝ ՀՆԱ-ի աճը հասել էր արդեն 9,5 տոկոսին: Սակայն իշխանափոխությունից հետո ՀՆԱ-ի աճը նվազեց ու 2018-ն ամփոփվեց 5,6 տոկոսով, 2019-ը՝ ձեր ոսկեդարը, փակվեց 7,6 տոկոս աճով:

Սակայն 2020-ին ՀՆԱ-ն կրճատվեց 7,4 տոկոսով, շուրջ 2,5 անգամ ավելի, քան համաշխարհային տնտեսությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Թադևոս Ավետիսյանի խոսքով, 2018 թվականին ՀՀ-ում արձանագրվել է կապիտալի փախուստ, ինչը ՀՆԱ-ի աճի հիմնական գործոններից է։ 

«Պետական պարտքի բեռով շարունակաբար ավելացնում եք նաև սահմանափակում եք մեր երկրի զարգացման ապագա հնարավորությունը։ 2018-20 թվականներին ՀՀ դրամով արտահայտված պետական պարտքն աճել է 27 տոկոսով, շուրջ տասը անգամ ավելի բարձր տեմպով, քան ՀՆԱ-ն։ Պետական պարտք-Հնա հարաբերակցությունը 2017 թվականին եղել 55․7  և կառավարելիության տիրույթում, սակայն դրանից հետո մինչև 2020 թվականը աճել է թռիչքաձև և դարձել է 67․3 տակոս՝ մտնելով անկառավարելիության դաշտ»,- ասաց նա։

Նա ընդգծեց՝ իշխանափոխությունից առաջ ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հիմա ամեն երրորդ. «2018-ին թվականին էլ էիք խոստացել, որ վերացնելու եք ծայրահեղ աղքատությունը, բայց ստացվել է  հակառակը՝ այն աճում է նաև ահագնացող գնաճի և անկառավարելի գնաճի հետևանքով»:

Ելույթի վերջում Ավետիսյանն ընդգծեց. «Այս իշխանությունները մեր երկիրը հասցրել են  գոյատևման խնդրի առջև և շարունակաբար կատարում են ընդամենն իրավիճակից բխող լուծումներ՝ առանց հիմանական և հեռանկարային ծրագրերի, հետևաբար այն համոզմանն եմ, որ կառավարության կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական ցանկացած ծրագիր ձախողված է ի սկզբանե»:

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։