կարևոր
3220 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-24 22:55

Կառավարության ծրագիրը կանխամտածված գործողություն է՝ քողարկելու առաջիկայում մեզ պատուհասող ամբողջական կապիտուլյացիայից․ Արմեն Ռուստամյան

Այս Կառավարության ծրագիրը ոչ այլ ինչ է, քան կանխամտածված գործողություն՝ քողարկելու առաջիկայում մեզ պատուհասող ամբողջական կապիտուլյացիայից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Մոտալուտ կապիտուլյացիայի բուն իմաստը հետեւյալն է․ վերջնականապես հրաժարվել Հայաստանի անկախության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրերի կենսագործման առաքելությունից։ Մեր ձախողումների պատճառների պատճառը այս հռչակագրերից, ասել է թե՝ ազգային պետական ուղեգծից շեղումներն են միշտ եղել։ Հայաստանի անկախությունը ձեռք է բերվել արցախյան ազատամարտի պայմաններում եւ հիմա այս պատերազմից հետո դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմնար Հայաստանի անկախությունից, եթե չլիներ արցախյան ազատամարտի մեր հաղթանակը։ Հիմա այդ հաղթանակը ձեր Կառավարությունը մսխել է եւ հարց է առաջացել՝ ի՞նչ է մնալու Հայաստանի անկախությունից։ Ձեր Կառավարությունը Արցախի անկախության եւ Հայաստանի ինքնիշխանության կապը չի տեսել, ավելին՝ դուք ձեր հեղափոխության փառաբանման եւ ձեռ առաջնորդի մեծարման նապատակով՝ նսեմացրել եք արցախյան ազատամարտի հաղթանակը։ Հիմա ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել ժողովրդի կողմից ձեզ փոխանցված ժառանգությունը, Կառավարության ա՞յս ծրագրով, Կառավարության այս ծրագիրը ոչ այլ ինչ է, քան նոր կապիտուլյացիայի նախերգանք եւ ընդդիմության խնդիրն է՝ քողազերծել այս հերթական դավադրությունը, որը պատրաստվում է իրականացնել այս նույն Կառավարությունը՝ ժողովրդի թիկունքում»,-նշեց Արմեն Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե Կառավարության ծրագիրը ոչ թե խաղաղության պարտադրելու, այլ խաղաղություն մուրալու ծրագիր է․ «որովհետեւ այս Կառավարությունը պատրաստվում է նոր զիջումների, նոր կապիտուլյացիայի, իսկ այս ծրագիրը սրա քողածածկույթն է՝ թանձրացված, սովորական ականջահաճո ձեւակերպումներով»։

Մանրամասները՝ տեսանյութում։