կարևոր
1204 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-24 18:27

Պարզ է, որ ընդունում եք. կա առանձին հուշագիր, որը ստորագրվել է մեր բոլորի մեջքի հետևում. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, անդրադառնալով այսօր Աժ դահլիճում տեղի ունեցածին, դիմեց Փաշինյանին և նախ 3 արձանագրում արեց.

«1. դուք սադրեցիք այսօր այստեղ տեղի ունեցածը,

2. Քաղաքացիական պայմանագիր խմբակցության կանայք ոչ միայն չդատապարտեցին, այլև՝ արդարացրին մեկ այլ կնոջ նկատմամբ տեղի ունեցած ագրեսիան. սա պարզապես ամոթ է

3. արական սեռի ներկայացուցիչները ոչ միայն արդարացրին, այլ նաև գնացին հայհոյելու ճանապարհով»:

Գրիգորյանը նշեց, որ ինքը իսկապես ցավում է և ամոթ է ապրում տղամարդկության մասին նրանց պատկերացումների համար:

«Մեր հայրենիքի մի մասի հանձնումը արդարացնելիս՝ դուք մշտապես վկայակոչում եք 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքը և ասում եք, որ սա անհերքելի փաստ է: Ես մի քանի անհերքելի փաստեր ևս կներկայացնեմ.

  • Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են և դրանք չեն կարող նույնականացվել և առավել ևս երկրի պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով:
  •  Եթե մենք նույնիսկ տրվենք այդ մանիպուլացիաններին և կարծենք, որ այդ վարչատարածքային բաժանման մասին օրենքով է, որ այսօր Սյունիքում կանգնած են ադրբեջանցիները, ապա դուք ունեիք առնվազն 3 տարի այս իրավիճակը փոխելու համար: Եվ ամեն անգամ, երբ դուք հղում եք կատարում այլ քաղաքական ուժերին, որոնք ընդունել են սա, հետևաբար, նաև վեկտորը ձեր ուղղությամբ պետք է գնա՝ հաշվի առնելով, որ դուք ևս փաստացի կերպով համաձայնել եք, եթե որևէ քայլ չեք ձեռնարկել այն փոխելու համար»:

Նա նշեց, որ Ակնան, Քարվաճառը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ոչ թե որովհետև կար 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենք, այլ նոյեմբերի 9-ի հայտարարության առանձին դրույթով սահմանվում է, որ հայկական զորքերը դուրս են գալի Ակնայից, Քարվաճառից և Քաշաթաղից:

«Հականալի է, որ դուք ընդունում եք, որ 2010 թվականի վարչատարածքային բաժանումը ձեր սրտով էր, հետևաբար չեք փոխել: Նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետում ֆիքսվում է, որ կողմերը կանգնում են այն վայրում, որտեղ կանգնած են այդ պահին: Այդ պահին, ի դեպ Սյունիքի համայնքապետերի նախաձեռնությամբ, մենք այնպիսի բնագծերում էինք, որոնք համապատասխանում էին հայտարարությանը: Բայց դեկտեմբերի 17-ին հրաման է իջեցվել, որով հայկական զորքերը պետք է դուրս գային Կովսականի և Սանասարի հատվածներից՝ դրանով իսկ խաթարելով ամբողջ անվտանգային միջավայրը: 

Ես ուզում եմ, որ դուք տեղեկացնեք, որ կա առանձին հուշագիր, որով կարգավորվում են Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհները: Այս հուշագրի համաձայն առաջին կետն այն մասին էր, որ Կովսականից և Սանասարից պետք է դուրս գան հայկական ուժերը, երկրորդ և մնացած կետերն այն մասին են, թե այդ ճանապարհները ինչպիսի վերահսկողություն պետք է ունեն:

Փաշինյանը պատասխանեց՝ այո, այդ որոշումը կայացվել է՝ գնահատելով անվտանգային իրավիճակը եւ անվտանգային մարտահրավերները։

Փաշինյանը, նորից խուսանավելով ուղիղ պաատսխանից, դիմեց ժողովրդի օգնությանը. Սյունիքում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների տեղակայման փաստին պարզապես արձանագրեց, թե հունիսի 20-ի ընտրությունների արդյունքով սյունեցիներն իրենց դիրքորոշումը և աջակցությունը հայտնել են իրեն և իր թիմին: Ասել է թե՝ ժողովուրդը համաձայնել է նման փաստերին: «Կարծում եմ, որ  սյունեցիներն այս ընտրություններում իրենց քվեարկությամբ գնահատական տվեցին ընտրություններից առաջ հնչած բոլոր հայտարարություններին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ առաջինը ամիսներ առաջ տեղեկություն էր տարածել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը հրապարակել էր հուշագրի մի տեքստ,  որտեղ որոշակի կոորդինատներ էին նշված ՝ կապված Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի հետ, որը պետք է վերահսկեն հայերն ու ադրբեջանցիները։

Այդ հուշագրի գոյության մասին ամիսներ առաջ Ազգային ժողովում մեկնաբանություն էր տվել Տիգրան Ավինյանը, որը հայտարարել էր, որ բացի հայտարարություններից և ներկայացված փաստաթղթերից կա ևս մեկ պայմանավորվածություն Գորիս-Դավիթ Բեկ հատվածի մասով, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում է վիճահարույց հատվածներով։