Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ի պատասխան իր դիմումի՝ ՍԴ աշխատակազմից հայտնել են, որ անձեռնմխելիության հարցով որևէ սուբյեկտի կողմից ՍԴ դիմում չի ներկայացվել։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը Արմեն Գևորգյանի պատգամավորական անձեռնմխելիության չհաղթահարված լինելու հիմքով՝ մինչև ԱԺ համաձայնություն ստանալը կամ նրա՝ պատգամավորական մանդատի ավարտը, կամ դիմել Սահմանադրական դատարա: Խուդոյանն առաջարկեց քննարկել այդ միջնորդությունը Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ նախորդ դատական նիստում ներկայացված միջնորդության հետ։
Իր հերթին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ 2018 թվականի օգոստոսին հենց այդ նույն դահլիճում իրեն կալանավորելու որոշում է կայացվել։
«Առաջին իսկ նիստից մենք բարձրաձայնեցինք 300.1 հոդվածի իրավական որոշակիության հարցը: Կալանքի մնացած բոլոր որոշումները եղել են առաջին կալանավորման երկարացում: Մոտ երկու տարի բանտում անցկացրեցի միայն այն պատճառով, որ դատախազությունը համառորեն չէր ուզում ընդունել հոդվածի իրավական որոշակիության խնդիրը: Չնայած նրան, որ բերվում էին Հայաստանի և արտերկրի բոլոր հեղինակավոր մասնագետների միանման եզրակացությունները»,- ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը:
Նա հիշեցրել է նաև ՄԻԵԴ-ի որոշումը, որտեղ կասկածի տակ էին առել թարգմանության ճիշտ լինելը։ «Պատկերացրեք, ինչ աստիճանի է եղել այդ հոդվածի ձևակերպման հիմարությունը, որ նրանք, չհասկանալով, մտածել են՝ թե թարգմանության խնդիր է։ Այսքանից հետո խոսել ինչ-որ գիտելիքների և կրթվածության մասին, ուղղակի ամոթ է», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահն ավելացրեց, որ ամեն կատարվածի համար պատասխանատուն դատախազությունն է, որը մինչ այս պահը ներողություն չի խնդրել իրենից՝ հակասահմանադրական հոդվածով կալանքի տակ պահելու համար։
Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել միջնորդությունների քննարկումը Սահմանադրական դատարանում պատգամավորների մեկ հինգերորդի բողոքի պատճառով։ Նշենք, որ ՍԴ-ն դեռ վարույթ չի ընդունել այդ դիմումը:
Դատարանի որոշումը լսելուց հետո Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ դատավորը խուսափում է արդարադատություն իրականացնելուց, իսկ նրա անկողմնակալությունն ու դատավորի իրավական հմտությունները կասկածի տեղիք են տալիս։ Պաշտպանը հայտարարեց, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ունի, որը պետք է գրավոր ներկայացնի, բայց այն պատրաստելու համար ժամանակ է պետք: Խնդրեց հետաձգել այսօրվա դատական նիստը։ Սակայն դատավորը չբավարարեց Ալեքսանյանի խնդրանքը։ Ալեքսանյանը լքեց նիստերի դահլիճը, և դատավորն ստիպված էր հետաձգել նիստը։ Դատախազ Բաղդասարյանը միջնորդեց պաշտպան Ալեքսանյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 31-ին, ժամը 13։00-ին։