«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մարմնական վնասվածք է ստացել, որն ակնհայտորեն քրեորեն հետապնդելի արարք է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին։ Ճիշտ կլինի նաեւ, որ պարոն Մինասյանը դատաբժշկական փորձաքննության ենթարկվի, եւ այն մարդիկ, որոնք հարվածներ են հասցրել Արծվիկ Մինասյանին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Դա ուղղակի հրմշտոց չէր, այլ խուլիգանական վարքագիծ, ինչի դրսեւորողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Կպատժվեն հիմա՝ այս դատախազության ներքո, թե՝ ժամանակ անց, միեւնույնն է»,- ասաց նա։
Արամ Վարդեւանյանի կարծիքով՝ այս միջադեպը Հայաստանի խորհրդարանական համակարգի պատմության խայտառակ էջերից մեկն է։
«Սա դառնալու է բավականին էական քրեական գործ։ իսկ Աննա Մկրտչյանի նկատմամբ դրսեւորած վարքագիծը մարդկայնորեն գարշանք էր առաջացնում, որ տղամարդը կարող է նման վարքագիծ դրսեւորել երիտասարդ աղջկա հանդեպ»,- ընդգծեց Վարդեւանյանը։
Հարցին, թե միջադեպի ընթացքում իրեն ինչպես դրսեւորեց Նիկոլ Փաշինյանը, Վարդեւանյանը պատասխանեց․ «Որքանով որ ես տեսա, անհապաղ հեռացավ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության ծրագիրը։
Նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, երբ Աննա Մկրտչյանի բարձրախոսն անջատեցին «կապիտուլյանտ» բառն օգտագործելու համար։ Մկրտչյանին արձագանքեցին իշխող խմբակցության որոշ պատգամավորներ, որոնց արձագանքելուց հետո Աննա Մկրտչյանին անվտանգության աշխատակիցները դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից։ Այդ ընթացքում պատգամավորների միջև սկսվեց վիճաբանություն և ծեծկռտուք։