կարևոր
1816 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-24 15:47

Շտապ օգնություն է կանչվել պատգամավոր Աննա Մկրտչյանի համար

Շտապ օգնություն է կանչվել պատգամավոր Աննա Մկրտչյանի համար

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իրեն վատ է զգացել։ 

«Ես ասում էի՝ դուք էստեղ ախրաննիկներ եք բերել, առաջին անգամ ՀՀ ԱԺ պատմության մեջ, դահլիճում գտնվում են անվտանգության աշխատակիցներ, որ վարչապետի աթոռը զավթած Նիկոլն իրեն հարմար զգա: Հիմա հարցս հետևյալն է, որ իրենց պողպատյա մանդատները հավաքեն, փորձեն իրենց մեջ ուժ գտնեն, այդ տեղեկատվությունը հայտնեն, որ մեր թշնամի Ադրբեջանի ներքաղաքական իրադրությունը տրաքի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Խոսելով ստացած վնասվածքների մասին՝ Աննա Մկրտչյանն ասաց. «Պարանոցի հատվածում, ձեռքերիս, ոտքերիս վնասվածքներ ունեմ: «Ֆաս» հրահանգը ստանալուց հետո այստեղի բոլոր զինվորական համազգեստով մարդիկ… նրանք որևէ դեպքում իմ և ձեր կամ, առավել ևս, ՀՀ անվտանգությունը պաշտպանելու հետ ոչ մի կապ չունեն, էս մարդիկ Նիկոլի հոգեկան աշխարհը հանգստացնելու համար են: Զենքերը, իրենց ֆորմաները նրա համար են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իրեն զգա լավ, հարմարավետ, հանկարծ լրացուցիչ նոպաների մեջ չընկնի: Այս բազմահազարանոց մարդկանց ներկայությունը միայն դրա համար է»:

Գործընկերները ստիպված են եղել նրա համար շտապ օգնություն կանչել։ 

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը պատկերող տեսանյութերում երևում է, թե ինչպես է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանին Ալեն Սիմոնյանի հրամանով նիստերի դահլիճից դուրսբերման «օպերացիան» գլխավորում է անձամբ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը: 

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ՝ հեռացնելու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, որոնք բռնի ուժով փորձում էին դուրս հանել պատգամավորին դահլիճից: 

Նախ, Փաշինյանին հարց ուղղելու ժամանակ, Սիմոնյանը զրկեց պատգամավորին ձայնի իրավունքից, այն բանից հետո, երբ Աննա Մկրտչյանը Փաշինյանին անվանեց կապիտուլյանտ և փորձեց հասարակությանը ներկայացնել այն ամենը, ինչը էկրաններից չի երևում:

«Հիմա ԱԺ ամբիոնին կանգնած անձնավորությունը ոչ վաղ անցյալում, կհիշեք հաստատ հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության և ներքաղաքական իրականության մասին այնպիսի տվյալներ և տեղեկատվություն ունի, որ ցանկացած պահի, երբ ցանկանա կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունը և ընդհանրապես ներքաղաքական իրավիճակը: Ուզում եմ փաստել, որ այդ ահաբեկիչ Ալիևը զավթելով Արցախի 75 տոկոսը, խաթարելով Հայաստանի անվտանգային ամբողջ համակարգը, հայտարարելով, որ Երևանն էլ, Սևանն էլ, ամեն ինչ իրենցն է, և Հայաստանի իշխանությունները խելոք ու սուս-փուս կստորագրեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավաստող փաստաթուղթ: Մեր կողմից որևէ արձագանք չկա և այս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես ինչին, որպեսզի պայթեցնի այդ ալիևյան կլանի ղեկավարած իշխանությունը»,- նշեց Աննա Մկրտչյանը և հավելեց, որ Աժ դահլիճում և շենքում անվտանգության մեծ թվով աշխատակիցներ են տեղակայված, և այն ամենն ինչ իրականում տեղի է ունենում, չի երևում էկրաններից: «Այս անձնավորությունն իր հետ ԱԺ է բերել ախրանիկներ, որոնք երբեք չեն եղել»,- նշեց պատգամավորը, ում խոսքն ընդհատեցին իշխանական պատգամավորները։

Խորհրդարանում պատգամավորների միջև իրավիճակն էլ ավելի լարվեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցի ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավորը խնդրեց վարչապետին գնահատել իր թիմակիցների կողմից նիստերի դահլիճում հնչող ռեպլիկները։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իշխանական պատգամավորներն իր կարծիքով բավական զուսպ են արձագանքում, ինչը հունից հանեց ընդդիմադիր պատգամավորներին։

Սիմոնյանն անմիջապես հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, և, 20 րոպե ընդմիջում հայտարարելով, դադարեցրեց ԱԺ ուղիղ հեռարձակումը: