կարևոր
718 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-24 15:29

Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել «Արցախի հերոս» Աշոտ Ղուլյանի հիշատակին. ՖՈՏՈՇԱՐՔ

Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել «Արցախի հերոս» Աշոտ Ղուլյանի հիշատակին. ՖՈՏՈՇԱՐՔ

«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»: Այս խոսքերը հնչել են Արցախի հերոս Բեկոր Աշոտից, որի համար «հայրենասիրությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»։ Մարտերի միջև դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու»:

Այսօր՝ օգոստոսի 24-ին Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակի օրն է: 1992 թվականի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար։

Բեկորը մասնակցել է Արցախում  մղված մարտերից շատերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն։ Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։

1992 թվականին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք։ Մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապվում է հրամանատարական կետի հետ՝ և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացրել էր Բեկորը:

Հերոսի նահատակության 29-րդ տարելիցի կապակցությամբ,  նրա  անունը կրող պուրակում տեղադրված հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել Բեկորի այրին՝  Նելլի Ղուլյանը, որդիները, հարազատներ, ԱԺ պատգամավորներ՝  ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, կուսակցական ու մարտական ընկերներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ՀՕՄ-ուհիներ,   զինվորականներ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ղուլյանը։ 

Հուշակոթողի մոտ հիշատակի միջոցառում էին իրականացրել Աշոտ Ղուլյանի անունը կրող Ստեփանակերտի թիվ 2 դպրոցի աշակերտները: