Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ՝ հեռացնելու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին:
Նախ, Փաշինյանին հարց ուղղելու ժամանակ, Սիմոնյանը զրկեց պատգամավորին ձայնի իրավունքից, այն բանից հետո, երբ Աննա Մկրտչյանը Փաշինյանին անվանեց կապիտուլյանտ և փորձեց հասարակությանը ներկայացնել այն ամենը, ինչը էկրաններից չի երևում:
«Հիմա ԱԺ ամբիոնին կանգնած անձնավորությունը ոչ վաղ անցյալում, կհիշեք հաստատ հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության և ներքաղաքական իրականության մասին այնպիսի տվյալներ և տեղեկատվություն ունի, որ ցանկացած պահի, երբ ցանկանա կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունը և ընդհանրապես ներքաղաքական իրավիճակը: Ուզում եմ փաստել, որ այդ ահաբեկիչ Ալիևը զավթելով Արցախի 75 տոկոսը, խաթարելով Հայաստանի անվտանգային ամբողջ համակարգը, հայտարարելով, որ Երևանն էլ, Սևանն էլ, ամեն ինչ իրենցն է, և Հայաստանի իշխանությունները խելոք ու սուս-փուս կստորագրեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավաստող փաստաթուղթ: Մեր կողմից որևէ արձագանք չկա և այս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես ինչին, որպեսզի պայթեցնի այդ ալիևյան կլանի ղեկավարած իշխանությունը»,- նշեց Աննա Մկրտչյանը և հավելեց, որ Աժ դահլիճում և շենքում անվտանգության մեծ թվով աշխատակիցներ են տեղակայված, և այն ամենն ինչ իրականում տեղի է ունենում, չի երևում էկրաններից: «Այս անձնավորությունն իր հետ ԱԺ է բերել ախրանիկներ, որոնք երբեք չեն եղել»,- նշեց պատգամավորը, ում խոսքն ընդհատեցին իշխանական պատգամավորները։
Խորհրդարանում պատգամավորների միջև իրավիճակն էլ ավելի լարվեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցի ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավորը խնդրեց վարչապետին գնահատել իր թիմակիցների կողմից նիստերի դահլիճում հնչող ռեպլիկները։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իշխանական պատգամավորներն իր կարծիքով բավական զուսպ են արձագանքում, ինչը հունից հանեց ընդդիմադիր պատգամավորներին։
Սիմոնյանն անմիջապես հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, և, 20 րոպե ընդմիջում հայտարարելով, դադարեցրեց ԱԺ ուղիղ հեռարձակումը: