կարևոր
973 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-24 11:26

«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում է

«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում է

Մինչ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում է կառավարության ծրագիրը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ակցիան են իրականացրել նիստերի դահլիճում։ 

«Հայաստան» խմբակցության անազատության մեջ գտնվող պատգամավորներ Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի և Արմեն Չարչյանի աթոռների վրա փակցվել է «քաղբանտարկյալ» գրառումը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել: Նա կալանավորվել էր 2 ամսով՝ հուլիսի 13-ի:

Արթուր Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 17-ին։ 

Իսկ երեկ «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կրկին կալանավորվեց։ Վերաքննիչ դատարանը քիչ առաջ հրապարակեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Դատախազության միջնորդությունը բավարարվեց։ Բողոքը նախ մակագրվել էր դատավոր Սեւակ Համբարձումյանին, որը ինքնաբացարկ էր հայտնել, ինչից հետո այն վերամակագրվել էր Ռուբիկ Մխիթարյանին, որն էլ այսօր բավարարել է դատախազության բողոքը։  

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներն ունեն անձեռնմխելիության իրավունք, և նրանց կալանավորելու վերաբերյալ համաձայնությունը նախ պետք է տա Խորհրդարանը: 

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է։ Նրա փոխանցմամբ՝  Չարչյանը մեկ ամիս է, ինչ ազատության մեջ էր գտնվում, ոչ մի ազդեցության փորձ անգամ չի կատարել, նա այլևս «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն չէ, այսինքն՝ իր կարգավիճակից ելնելով էլ որևէ մեկի նկատմամբ չէր կարող ազդեցություն ունենալ։ Բացի այդ՝ Չարչյանի դեմ որևէ մեկը մեղադրական բնույթի ցուցմունք չի տվել, որ տրամաբանություն լիներ ցանկալի ցուցմունքներ կորզելու նպատակով ազդեցություն գործադրելու։

«Հայաստան» խմբակցության հայտարարությամբ սա գնահատվում է որպես իրավական ամենաթողություն՝ «Խմբակցության երեք պատգամավորի որոշել են պահել պատանդի կարգավիճակում»: 

«Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, և օր առաջ օրվա իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն», - հայտարարել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նա նշել է, որ քրեական գործերը համընկան հետընտրական ժամանակաշրջանի հետ, քանի որ իշխանությունն ընտրությունից հետո հետապնդում է իրականացնում: Կալանավորված է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը: