կարևոր
1717 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-24 10:53

Սա Կառավարության հնգամյա ծրագիր անունը կրող, իրականությունը քողարկող կեղծ փաստաթուղթ է. Արծվիկ Մինասյան

Սա Կառավարության հնգամյա ծրագիր անունը կրող, իրականությունը քողարկող կեղծ փաստաթուղթ է. Արծվիկ Մինասյան

Հայաստանում առկա է խորագույն ներքաղաքական ու անվտանգային ճգնաժամ, ինչը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների վարած ապաշնորհ, ապիկար, անգրագետ քաղաքականությամբ, 44-օրյա դավադիր պատերազմով, դրա աղետալի ու կործանարար հետևանքներով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Ներքաղաքական ճգնաժամն ունի հավաքական ու անհատական դեմք, անուն, ազգանուն և անվանում։ Նրանք հիմա նստած են դահլիճում և պատրաստվում են ներկայացնել կառավարության հնգամյա ծրագիր անունը կրող, իրականությունը քողարկող այս կեղծ փաստաթուղթը»,-նշեց պատգամավորը։

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ 2019-ին ԱԺ ամբիոնից նույն մարդիկ ներկայացնում էին նմանատիպ մեկ այլ ծրագիր, որի ոչ մի դրույթ կյանքի չկոչվեց։

«Կիրառվեց դավադիր, գաղտնի ծրագիր անվտանգային համակարգի, արտաքին քաղաքականության կործանման, հազարավոր զոհերով ու մեր հայրենիքին հասցված կորուստների հետևանքներով»,-հայտարարեց նա։

Մինասյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցությունը ծրագրի ներկայացման ընթացքում մնալու է ԱԺ դահլիճում, օգտվելու է հարցեր ուղղելու և ելույթներ ունենալու իր իրավունքից՝ «նպատակ ունենալով բացահայտելու խմբակի կատարած ու պլանավորած հանցանքները մեր պետության ու ժողովրդի դեմ։

Նշենք, որ կառավարության ծրագիրը պետք է ներկայացվի Խորհրդարանի հաստատմանը: Օգոստոսի 18-ին Կառավարությունը հաստատել է 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը: