կարևոր
2848 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-23 20:37

Պարոն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ, դա իրենց ճաշակով է, իրենց ճաշակով չէ, իրենց ցանկությունից է բխում, թե՝ ոչ․ Էրիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Այս դեպքում գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ։ Այս մասին «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Փաստաբանական ողջ գործունեությանս ընթացքում այսօր առաջին անգամ սեփական ձեռքերովս իմ պաշտպանյալին տարել եւ ներկայացրել եմ քրեակատարողական հիմնարկ: Ցանկանում եմ շատ հստակ մի բան ֆիքսեն բոլորը՝ ոչինչ չի մոռացվել ու ոչինչ չի մոռացվելու։ Ինձ լռեցնել չի լինի, իսկ մասնագիտական հմտություններիս վրա հանկարծ չկասկածեն։ Արմեն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ»,-իր էջում գրել է Ալեքսանայնը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատելու մասին որոշումը բեկանելու որևէ հիմք չկար։

«Ի սկզբանե, պարոն Չարչյանին կալանավորելու հիմքը եղել է այն, որ, իբրև, մնալով ազատության մեջ, վերջինս ազդեցություն կգործադրի դատավարության մասնակիցների վրա՝ ելնելով այն հանգամանքից, որ վերջինս «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն է»,- զրույցում նշել է Ալեքսանյանը։

Նա հայտնել է, որ ներկայումս Չարչյանը չի հանդիսանում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, հետևաբար, նման ազդեցություն գործադրելու այն մտավախությունը, որն ի սկզբանե պետությունն ունեցել է, այլևս գոյություն չունի։

«Դատախազությունն ամեն գնով ցանկացել է ազատությունից զրկել, իսկ վարույթն իրականացնող մարմինը, պետությունը չի կարող կամայական գործողություններ կատարել․ բոլոր գործողությունները պետք է լինեն դատավարական և հետապնդեմ դատավարական նպատակ, որն այս դեպքում չկա։ Մենք շարունակելու ենք պայքարն իրավական դաշտում»,-ընդգծել է փաստաբանը։

«Այն, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ չի նշանակում, որ մենք մեր իրավական պայքարը չենք շարունակելու։ Բնականաբար շարունակելու ենք և եթե պետությունը մտածում է, որ այսօր Արմեն Չարչյանին ազատությունից զրկելով հարցը կարող է համարել փակված, ապա չարաչար սխալվում են։ Միանշանակ մինչև վերջ պայքարելու ենք։ Պարոն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ, դա իրենց ճաշակով է, իրենց ճաշակով չէ, իրենց ցանկությունից է բխում, թե ոչ՝ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ արդարադատությունը վերականգնվելու է և պարոն Չարչյանը վաղ թե ուշ գտնվելու է ազատության մեջ, թող դա բոլորն իմանան »,- նշել է Ալեքսանյանը ։